Եգիպտոսը Հայոց ցեղասպանության ընդունումը դիտարկում է որպես արդարացի հարց. եգիպտացի փորձագետ

Եգիպտոսը Հայոց ցեղասպանության ընդունումը դիտարկում է որպես արդարացի հարց. եգիպտացի փորձագետ

Եգիպտացիները բավականին մեծ կարեկցանք են ցուցաբերում Հայոց ցեղասպանության հարցի հետ կապված: Կահիրեի «Ալ-Ահրամ» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ, գիտաշխատող Ատեֆ Սաադավիի խոսքով՝ Եգիպտոսը ճանաչումը դիտարկում է որպես արդարացի խնդիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փորձագետը ապրիլի 25-ին Հայաստանի ԳԱԱ-ում «Հայ-արաբական առնչություններ. Հայոց ցեղասպանությունից մինչև արդի մարտահրավերներ» խորագրով միջազգային գիտաժողովին հանդես եկավ «Եգիպտոսի և արաբական աշխարհի պաշտոնական դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում» զեկույցով:

«Եգիպտոսի պառլամենտում ներկայացված է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու օրինագիծ: Բացի դրանից՝ դատարաններում ևս հարցեր են բարձրացված, որպեսի Եգիպտոսը ճանաչի այն: Երկրում անցկացվում են մշակութային օրեր, տարբեր նախաձեռնություններ և միջոցառումներ, որոնք հիշատակում են Ցեղասպանությունը»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Ատեֆ Սաադավին:

Հարցին, թե պետության և ժողովրդի տեսակետներն արդյոք տարբերվո՞ւմ են, եգիպտացի գիտաշխատողը պատասխանեց՝ ժողովրդի և իշխանության կարծիքների տարբերությունը մեծ չէ: Դա կարելի է փաստել նրանով, որ ժողովրդի կոչերը, որ պետությունը ճանաչի Հայոց ցեղասպանությունը, չեն կարող լինել առանց պառլամենտի թույլտվության:

Խոսելով Հայոց ցեղասպանության ճանաչման նախագծի մասին՝ Սաադավին ասաց, որ այն արդեն երեք տարի է, ինչ պառլամենտում է, բայց հույս ունեն, որ մյուս նստաշրջանին կընդունվի: «Եգիպտոսը Հայոց ցեղասպանության ընդունման հարցը չի ցանկանում դիտարկել այլ տեսանկյունից»,-եզրափակեց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում