Մինչ ճակատագրական այդ պահը մնացել են հաշված ժամեր

Մինչ ճակատագրական այդ պահը մնացել են հաշված ժամեր

Հարցազրույց պ.գ.թ. Վահե Սարգսյանի հետ

– Պարոն Սարգսյան, ինչպե՞ս կբնութագրեք ՀՀ-ում ստեղծված ներկա քաղաքական իրադրությունը:

– Այս պահի դրությամբ` միանշանակ պայթյունավտանգ: Ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, փաստորեն, երեկվա իր հայտարարությամբ վերջնականորեն հաստատեց, որ իրեն տեսնում է երկրի ապագա վարչապետ, որից ելնելով էլ` կոչ արեց իր կողմնակիցներին երկու օր հանգստանալ և պատրաստվել մայիսմեկյան հուժկու գրոհի: Իշխող ՀՀԿ-ն, բնականաբար, չի քվեարկելու «Ելք» դաշինքի վարչապետի թեկնածուի օգտին և այս օրերին քննարկվում է ՀՀԿ-ի կողմից վարչապետի սեփական թեկնածուով հանդես գալու հարցը: Եթե իրերի այսպիսի դասավորվածությունը մինչ մայիսի 1-ը պահպանվի, ապա երկիրը ցնցվելու է բախումներից:

– Բայց ընդդիմությունը մինչ օրս վարել է և շարունակում է վարել բարձրացրած ձեռքերի մարտավարություն, որը շատ դրական է դիտվում բոլորի կողմից:

– Գիտեք, իրադրությունների ամեն վայրկյան փոփոխման պայմաններում այդ ձեռքերը մայիսի 1-ին կարող են իջնել և խորտակել ԱԺ պարիսպները, ավելին` այդ գործողությունները կարող են ստանալ զանգվածային բնույթ: Մենք մինչ օրս տեսել ենք, որ Փաշինյանի` ընդվզումները կառավարելու մասին որոշումները ծնվել են պահի տակ (իմիջայլոց, նա ընդվզումների կառավարման մեծ վարպետ է), և այս պարագայում ևս ոչինչ պետք չէ բացառել:

– Գիտակցելով այս վտանգը ՀՀԿ-ն կգնա,՞ արդյոք, զիջումների:

– Այս պարագայում զիջումները պետք է վերաբերեն ՀՀԿ-ական պատգամավորներից առնվազն մեկ տասնյակի կողմից Փաշինյանի թեկնածությանը կողմ քվեարկելուն, որը, կարծում եմ, անիրականանալի սպասում է: Ինչու՞: Որովհետև նրանք փայլուն են հասկանում, որ տարած ետ բերած հարսի կարգավիճակում ոչ-ոք, այդ թվում` Փաշինյանը, չի ընդունելու իրենց, այսինքն` ՀՀԿ-ական պատգամավորներից օլիգարխ-գործարարների համար դա տնտեսական մահ է, իսկ մնացած մասի համար` քաղաքական կարիերայի մահ: Այդուհանդերձ` Փաշինյանը, հեղյուս-մանեկային լեզվով ասված, օրը մի պտույտով սեղմում է հանրապետականներին պատին: Նա փայլուն խաղաց: Շատերը կարծում էին, թե «Մերժիր Սերժին» կարգախոսը վերաբերում է միայն Սերժ Սարգսյանի անձին, և վերջինիս հրաժարականով Նիկոլ Փաշինյանը տոնելու է իր հաղթանակը և գնա իր գործին: Նիկոլ Փաշինյանն այստեղ լավագույնս գիտակցեց, որ Կարեն Կարապետյանին և հանրապետականներին ևս տապալելու ավելի հարմար ժամանակ, քան համազգային զարթոնքի այս պահն է, դժվար թե գտնվի: Եվ նա շարունակեց իր տրիումֆը` համապատասխան կարգախոսներով հարվածի սլաքներն ուղղելով Կարեն Կարապետյանի և ՀՀԿ-ի դեմ: Իշխանության ներկայացուցիչներից շատերը երևի միայն այդ պահին հասկացան, որ Փաշինյանը հաստատուն կերպով շարժվում է առաջ:

Ամեն պարագայում` ես, որպես ՀՀ ճակատագրով մտահոգ անձ, խիստ վտանգ եմ զգում Փաշինյանի` ՀՀԿ-ականներին մայիսի 1-ին պատին սեղմելու այս գործողությունների մեջ: Հանրապետական կուսակցությունը պաշտպանվելու է, հնարավոր է` լինեն նաև հակաքայլեր: Բախում է լինելու, արյուն է հեղվելու, երկիրն անդառնալի կորուստներ է ունենալու: Բերեմ երկու պատկերավոր օրինակ: Մի քանի օր առաջ ՊՆ-ի կողմից իրականացվող ծրագրով հերթական այցն էինք կատարել Արցախի զորամասեր: Երեկոյան տեղի զինվորականներից մեկի հետ զրուցում էինք արցախյան գոյապայքարի հերոսական գործողությունների, նաև մեր սխալների ու բացթողումների մասին: Զինվորականը, ով գոյապայքարի տարիներին երիտասարդ է եղել, մեզ պատմեց իր գլխով անցած այդպիսի մի ռազմական բնույթի բացթողումի մասին: Խոսքը վերաբերում էր մի գյուղի ազատագրմանը, երբ ջոկատի տղաներով շրջափակել են գյուղը և փոքրաթիվ հակառակորդին օղակի մեջ վերցնելով սկսել են գործողությունը: Հակառակորդը, բնականաբար, անսպասելի կերպով կատաղի դիմադրություն է ցույց տվել մինչև այն աստիճան, որ տղաները սկսել են զոհեր տալ և օգնական ուժեր կանչել: Երբ այդ մասին լսել են ավելի փորձառու զինվորականները, հրահանգ են տվել միջանցք բացել և հնարավորություն տալ հակառակորդին արագ հեռանալու: Արդյունքում մի քանի րոպեում գյուղը ազատագրվել է: Մեկ այլ օրինակ, որը, մտահոգ ստեղծված վիճակից, ինձ պատմեց Ջավախքից ինձ զանգահարած ընկերս: Երբ նեղլիկ վայրում հայտնված առնետին փորձում ես սպանել, նա ամեն կերպ պաշտպանվում է, փորձում է փախչել կամ այլ ելք գտնել, իսկ երբ տեսնում է, որ դու արդեն մոտեցել ես և արդեն վերջնականորեն ուզում ես սպանել իրեն, կայծակնային թռչում է դեմքիդ և սկսում կծոտել: Սա բնության օրենքն է:

– Իսկ ինչու՞ են կողմերն այդքան չզիջող:

– Իրականում այսպիսի փոխադարձ կոշտ դիմադրության պատճառներն առավել խորքային են: ՀՀԿ-ն, ինչպես արդեն նշեցի, համաժողովրդական այս ընդվզման պայմաններում այլևս չի բացառում, որ «խաղաղ» կամ «թավշյա» բառերը շատ շուտով տեղի կտան «պատժե’լ», «հեռացնե’լ», «խլե’լ ձեռքից թալանածը» կոչերին, և ինչքան էլ Փաշինյանը անդադար հիշեցնի սիրո և հանդուրժողականության մասին, նրա շուրջը համախմբված զանգվածների տրամաբանական պահանջն ի վերջո դա է: Մյուս կողմից` Փաշինյանը ևս, իր հերթին չվստահելով իշխանություններին, չի ցանկանում, որ իշխանությունների առաջարկած խորհրդարանական արտահերթ ընտրությունները կազմակերպվեն առանց իրեն: Ինքը հայտարարում է այդպիսի ընտրությունները բոյկոտելու մասին: Ելնելով այս հանգամանքից` Փաշինյանը ձգտում է համաժողովրդական այս ընդվզման պայմաններում մինչև վերջ խեղդել իշխանություններին և քաղել առավելագույնը: Պետք է խոստովանել նաև, որ Փաշինյանը վստահ չէ նաև, թե որոշ ժամանակ անց տեղի ունենալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների պահին արդո՞ք կլինի այսպիսի համաժողովրդական ընդվզում, թե՞ ազգաբնակչության մի մասի արտագնա աշխատանքի մեկնելով, մյուս մասի հետ իշխանությունների տարած «աշխատանքի» արդյունքում հնարավոր է չլինեն այս տեմպերը և ինքը տանուլ տա: Ի վերջո` միլիարդավոր դոլարներ են ծախսվում աշխարհում, որպեսզի փողոց դուրս եկած մարդկանց մի քանի օր ավել պահեն փողոցներում, և պատահական չէ, որ շատերը, այդ թվում ինքը` Նիկոլ Փաշինյանը, բնավ չէին սպասում նման զանգվածային ընդվզում:

Ահա այսպիսի փոխադարձ անվստահության մթնոլորտում կողմերից յուրաքանչյուրի անգամ մեկ քայլ զիջումը հավասարազոր է մահվան:

– Կա՞ հնարավորություն խուսափելու մայիսմեկյան բախումներից:

– Իհարկե: Իմ կարծիքով քաղաքական ուժերը այս պահին խորհրդարանին պետք է ներկայացնեն համաժողովրդական վստահություն վայելող միասնական թեկնածուի: Պատմությունն այդպիսի բազմաթիվ դեպքեր է հիշում, երբ խորհրդարանն ընտրում է չեզոք և բոլորի համար ընդունելի ղեկավարի, որը իր համառ ջանքերի շնորհիվ երկիրը դուրս է բերում ճգնաժամից: Անգամ միջազգային իրավունքն է սահմանում, որ, երբ կողմերը չեն կարող կարգավորել փոխադարձ վեճերը, ապա հրավիրում են երկուստեք ընդունելի երրորդ կողմին, որի կայացրած որոշումները պարտադիր կատարման ենթակա են կողմերի համար: Մեր պարագայում այդ անձնավորությունը կարող է լինել համաժողովրդական հեղինակություն վայելող որևէ գործիչ, ով նաև սահմանված ժամկետներում կիրականացնի վաղօրոք ձևավորված միասնական քաղաքական օրակարգի բոլոր կետերով նախատեսված գործողությունները, օրինակ` արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում և այլն: Ցավոք, Փաշինյանն այս պահին իրենից բացի ոչ-ոքի չի տեսնում երկրի վարչապետի պաշտոնին: «Կամ ես կլինեմ վարչապետ, կամ ՀՀ-ն վարչապետ չի ունենա» վերջնագիրը ծայրահեղ պայթյունավտանգ է դարձնում իրադրությունը:

Բնականաբար` ստեղծված իրադրությունից լավագույնս օգտվելու են միջազգային խաղացողները, և մեր տան կռիվը դառնալու է գերտերությունների շահարկման առարկա: Ինչքան էլ Փաշինյանը պնդի (միգուցե դա այդպես էլ կա), որ իրենց շարժումը մաքուր հայկական է, այդուհանդերձ, բեմահարթակում Փաշինյանի շուրջը զարմանալի պատահականությամբ կանգնած են ուղն ու ծուծով արևմտյան կողմնորոշմամբ անձինք, և ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ Փաշինյանի հաջողություններով արմուտքի բացահայտ խանդավառված լինելը: Ավելին, այս օրերին ՀՀ պետական պաշտոնյաների մեկը մյուսի հետևից ՌԴ այցելությունները, ի վերջո` Վլ. Պուտինի և Կ. Կարապետյանի հեռախոսազրույցի մեզ հասանելի բովանդակության ենթատեքստն ինքնին մատնանշում են, որ ՌԴ-ն բացահայտորեն պաշտպանում է ՀՀ ԱԺ-ում մայիսի 1-ին իշխող կուսակցության կողմից ընտրվող վարչապետին: Իսկ այն իրողությունը, որ ՌԴ-ն ՀՀ-ին, որպես ռազմավարական դաշնակցի, չի պատրաստվում կորցնել, դա ևս քննարկման ենթակա չէ:

Ահա այսպիսի վերջնագրային մթնոլորտում աշխարհի ուժային բևեռների հակասությունները տեղափոխում ենք նաև հայրենի երկիր` համաժողովրդական ընդվզմանն ակամա հաղորդելով գունային ինչ-ինչ երանգներ և ներքաշվում ծանր ու մղձվանջային զարգացումների հորձանուտ: Ցավոք, մինչ ճակատագրական այդ պահը մնացել են հաշված ժամեր:

– Սփյուռքն ի՞նչ դերակատարում կարող է ունենալ հայրենիքում առկա ճգնաժամը մեղմելու գործում:

– Այս օրերին սփյուռքահայերը ևս որգևորված են ՀՀ-ում կատարվող զարգացումներով: Շատերն են դրական փոփոխությունների սպասելիքներով լցված: Հիշենք, որ մեր հայրենակիցների մեծագույն հատվածը արտերկրում են հայտնվել ծանր սոցիալական կացությունից դրդված և ճարահատյալ կերպով, ուստի վերջիններիս համար երազանքի նման մի բան է հայրենիքում բարեկեցիկ կյանքի հեռանկարներ տեսնելը: Բնականաբար` սփյուռքը ևս բազմաշերտ ու բազմաբովանդակ է, և մեր հայրենակիցների կողքին նաև կան մարդիկ, ովքեր ՀՀ-ում չկայանալով, մի լումայի չափ օգտակար չլինելով հայրենիքին, մի աշխատատեղ չփորձելով ստեղծել ՀՀ-ում կամ Արցախում, չփորձելով ներսից կռիվ տալ դատական, հարկային կամ կառավարման այլևայլ օղակներում տիրող անարդարությունների դեմ, հեռացել են հայրենիքից և ներկայումս ԱՄՆ-ի կամ ՌԴ-ի իրենց ծաղկավետ սենյակներից ճչում են` «ելե’ք ոտքի», «խփե’ք», «ջարդե’ք»: Այդպիսիներից որոշներն էլ ընդամենը մի քանի օրով եկել են Երևան և իրենց հռչակել են հեղափոխականներ: Բնականաբար` եթե ՀՀ-ն դրախտ էլ դառնա, վերջիններս Լոս Անջելեսից կամ Մոսկվայից երբեք չեն գալու ՀՀ` մշտական բնակության: Այդպիսիք պարզապես արդարացնում են իրենց հեռանալը հայրենիքից: Իսկ հայրենիքը պահողն առաջին հերթին այնտեղ ապրող, այնտեղ տնտեսական ու կրթամշակութային գործունեություն ծավալող, այնտեղի քար ու հողի, հոռի բարքերի ու անարդարությունների դեմ կռիվ տվողներն են, որոնց ուսերին էլ ծանրանալու է մեր կողմից կանխատեսվող բախումներով պայմանավորված տնտեսական ետընթացը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում