ՀՀ վարչապետի միակ թեկնածուի մերկացումը

ՀՀ վարչապետի միակ թեկնածուի մերկացումը

Արդեն իսկ գրեթե նախկին ընդդիմությունը նախքան իշխանափոխությունը սկսեց գործընթաց, որի արդյունքում արդեն իսկ գրեթե նախկին իշխանությունները վարկաբեկվեցին հանրության առաջ ու այդ վարկաբեկման գործընթացն իրականացավ փողոցում և հրապարակում: Բնականաբար ընդդիմադիր դիրքերից հանդես գալը շատ ավելի հեշտ է ու Նիկոլ Փաշինյանին հրաշալի կերպով հաջողվեց իրականացնել իր նպատակը խաղալով մարդկանց դժգոհությունների ալիքի վրա:

Սակայն այն պահից, երբ Նիկոլ Փաշինյանն ընտրվում է վարչապետ, պատկերը էականորեն փոխվում է, սակայն սոսկ դերակատարումների վերաբաշխման առումով, իսկ տրամաբանությունը մնում է նույնը: Նիկոլ Փաշինյանը լինելով իշխանություն, չի կարող օգտագործել ընդդիմադիր գործիքաշարն ու պարտավոր է կարճ ժամկետում արդարացնել մարդկանց սպասելիքները, ապացուցել, որ ինքն ունակ է կատարել տված խոստումները, եթե առհասարակ որևէ մեկը հիշում է, թե բացի դասագրքային հանրահայտ ճշմարտություններից, առհասարակ ինչ խոստումներ ու ինչ ծրագրային դրույթներով է հանդես եկել Նիկոլ Փաշինյանը:

Բայց այլ բան է լինել հրապարակում ու քննադատել իշխանություններին, և այլ բան, երբ ստանձնում ես իշխանությունն ու պարտավորվում իրականացնել քաղաքականություն, որը ըստ տրամաբանության պետք է լիներ քննադատություններիդ հակառակ ընթացքը:

Երեկ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյան-ՀՀԿ հարց ու պատասխանի ընթացքում ակնհայտ դարձավ, որ բազմաթիվ հարցերում Նիկոլ Փաշինյանի տեսակետը ՀՀԿ-ի տեսակետից գրեթե չի տարբերվում, թե արտաքին, թե ներքին քաղաքականության բնագավառներում:

Իդեպ սա առաջին դեպքը չէ, երբ ընդդիմությունը ստանձնելով իշխանության պատասխանատվությունը հասկանում է, որ ինքը նույն պես այլ կերպ վարվել չի կարող ու պարտավոր է իրականացնել նույն քաղաքականությունը, ինչը քննադատում էր ընդդիմություն եղած ժամանակներում:

Որպես օրինակ կարելի է բերել ՀՅԴ-ն: Նախքան Ռոբերտ Քոչարյանի նախագահ ընտրվելն ու ՀՅԴ-ի իշխանության մաս կազմելը, ավանդական կուսակցությունը անխնա քննադատում էր Լևոն Տեր-Պետրոսյանին ու ՀՀՇ-ին, որ նրանք անհապաղ չեն ճանաչում Արցախի անկախությունը կամ վերջինիս չեն հռչակում ՀՀ անբաժանելի մաս: Սակայն իշխանությունը ստանձնելուց հետո, հարցին, թե ի՞նչ փոխվեց ՀՅԴ դիրքորոշումներում, որ նրանք նույնպես չեն շտապում անել այն, ինչ համար քննադատում էին նախկին իշխանություններին, երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանը բառացիոեն ասեց, որ այլ բան է լինել ընդդիմություն, և այլ բան՝ իշխանություն: Եվ Վահան Հովհաննիսյանը միանգամայն ճիշտ էր:

Ընդդիմությունը չունի որևէ պատասխանատվություն, չունի քաղաքականություն իրականացնելու պարտավորություն: Նրա միակ առաքելությունը իշխանություններին քննադատելն է ու որպես այլընտրանք ներկայանալը:

Այժմ նույն ընդդիմության տեղում է հայտնվում ՀՀԿ-ն ու հաշվի առնելով այն իրավիճակը, որ ներկայումս նրանք ԱԺ-ում մեծամասնություն են, դժվար չի լինի իրենց համար սկսել արդեն տվյալ պահին գործող՝ այն է Նիկոլ Փաշինյանի վարկաբեկման գործընթացը: Մոտ 20 տարի լինելով իշխանության ՀՀԿ-ն շատ լավ է պատկերացնում առկա բոլոր խնդիրներն ու այդ խնդիրների բուն պատճառները: Նաև շատ լավ է պատկերացնում, որ կան նաև խնդիրներ, որոնք իրենց բնույթով օբյեկտիվ հանգամանքների արդյունքն են և դրանք վերացնելու համար պետք է տարիների աշխատանք:

Սակայն ժողովուրդը սպասելու ժամանակ չունի: Ժողովուրդը պարտավոր չէ խորը քաղաքագիտական, տնտեսագիտական… վերլուծություններ անելու: Նա ցանկանում է բարելավում հիմա, կյանքի որակի փոփոխություն հիմա, այլ ոչ տարիներ անց:

Ու ՀՀԿ-ն այդ ամենը հրաշալի գիտակցելով գործող իշխանություններին վարկաբեկման գործընթացը կսկսի հենց հիմա ու ԱԺ-ում: Արդյունքում մենք կունենանք փողոցում վարկաբեկված ընդդիմություն ի դեմս ՀՀԿ-ի և ԱԺ-ում վարկաբեկված իշխանություն ի դեմս Նիկոլ Փաշինյանի:

Իհարկե այդ ամենը հերթական անգամ ամբողջովին կվարկաբեկվի առանց այդ էր թույլ հեղինակություն վայելող մեր ներկայիս քաղաքական դաշտը ու ցավալիորեն հերթական անգամ հասարակությունը կկանգնի կոտրած տաշտակի առջև, որպես հուշ ունենալով սոսկ այս օրերի էյֆորիկ վիճակը:

Արման ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում