Գյուղատնտեսական վարկերի բեռը թեթևացնելու Փաշինյանի մոտեցումը պետության կողմից ֆինանսական պարտավորության ստանձնումն է

Գյուղատնտեսական վարկերի բեռը թեթևացնելու Փաշինյանի մոտեցումը պետության կողմից ֆինանսական պարտավորության ստանձնումն է

«Ելք» խմբակցության ղեկավար, ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը գյուղատնտեսական վարկերի բեռը թեթևացնելու հարցում կարևորում է պետության և վարկային կազմակերպությունների միջև երկխոսությունը, նաև պետության կողմից որոշակի ֆինանսական պատասխանատվության ստանձնումը:

Ազգային ժողովում ընթացող քննարկումների ժամանակ, պատասխանելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանի հարցադրմանը, թե ինչպես, ինչ ժամկետներում ու ինչ միջոցներով հնարավոր կլինի լուծել գյուղատնտեսական վարկերի խնդիրը, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ խնդիրը հրատապ է ու քննարկումները պետք է սկսել օր առաջ: «Երբ խոսում ենք ժամկետանց վարկերի մասին, շատ դեպքերում մի վարկով փակված է մեկ այլ վարկ ու չնայած ֆորմալ առումով այդ միավոր վարկը համարվում է փակված, բայց այն գոյություն ունի շատ ավելի մեծ, ընթացիկ վարկի մեջ, որը չի փակվել: Ես կարծում եմ, որ պետությունը և վարկային կազմակերպությունները պետք է բանակցեն, և դա պետք է լինի մանրամասն պլանավորված գործընթաց: Պետությունը պետք է ի վիճակի լինի փոխհատուցել ինչ-որ առումով վարկային կազմակերպությունների խելամիտ վնասը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ այդ և այլ խնդիրների լուծման համար պետք է ավելացնել բյուջեի եկամտային հատվածը, ինչն ինքը հնարավոր է համարում մասնագետների կողմից առաջ քաշված գաղափարներն ի կատար ածելու դեպքում:

Արամ Հարությունյանը հակադարձեց, որ խոշոր ծավալի մասին է խոսքը, ֆիզիկական անձանց դեպքում 120 և ավելի միլիարդ դրամ է: Ի վերջո, միջոցառումները վերաբերելու են մայր գումարների, թե տոկոսադրույքների փոխհատուցմանը: «Իրականում ես կարծում եմ, որ ծավալներն ավելի մեծ են: Խոսքը փիլիսոփայական իմաստով վերաբերում է տույժ-տուգանքներին: Բայց իրականում մենք ունենք խնդիր, որ այն դե յուրե գործող վարկ է, բայց դե ֆակտո տույժ-տուգանք է: Մարդուն ասել են՝ չես կարողանում փակել վարկը, արի նոր վարկ տանք, փակիր այն հին վարկը: Բնականաբար, նոր վարկը ներառում է մայր գումարը, տույժ-տուգանքը, ներառում է ավելացող տոկոսներ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ վարկային պատմությունների ուսումնասիրությունը, այդ թվում՝ վարկի մարման ուշացումների պատճառների բացահայտումը հնարավոր կդարձնի անհրաժեշտ մեխանիզմների դուրսբերումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում