Ռազմական ծախսերը, Սաակաշվիլիի Վրաստան տեղափոխվելն ու ԼՂ հարցում փոխզիջումները

Ռազմական ծախսերը, Սաակաշվիլիի Վրաստան տեղափոխվելն ու ԼՂ հարցում փոխզիջումները

Հայաստանի վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ երկրի ռազմական ծախսերը պետք է ադեկվատ լինեն տարածաշրջանային իրավիճակին: Նիկոլ Փաշինյանը նման կարծիք հայտնեց Ազգային ժողովում վարչապետի ընտրության հարցի քննարկման ընթացքում՝ պատասխանելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանի հարցին, թե ինչպե՞ս է պատկերացնում Հայաստանի ռազմական ծախսերը: «Համարո՞ւմ եմ ես, որ Հայաստանն այսօր ունի ռազմական ծախսերը մեծացնելու անհրաժեշտություն, այո, համարում եմ: Այսօր Հայաստանն ունի ռազմական ծախսերը մեծացնելու անհրաժեշտություն: Եվ համոզված եմ, որ մենք կկարողանանք բյուջետային եկամուտներն էականորեն ավելացնել, ինչի արդյունքում էականորեն կավելանան նաև ռազմական ծախսերը»,- նշեց Փաշինյանը:

Անդրադառնալով պատգամավորի դիտարկմանը, թե Վրաստանի նախին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին ակնկալում է իր՝ Վրաստան վերադառնալու հետ կապված Նիկոլ Փաշինյանի հստակ վերաբերմունքը՝ ՀՀ վարչապետի թեկնածուն վստահեցրեց, որ որևէ կապ չի ունեցել և չունի Միխայիլ Սաակաշվիլիի հետ: «Անձամբ չեմ ճանաչում Սաակաշվիլիին, երբեք որևէ շփում նրա հետ չեմ ունեցել: Աշխարհում շատ մեծ արձագանք է գտել այն, ինչ կատարվում է Հայաստանում: Հիմա եթե փորձենք հասկանալ, թե ովքեր են վերաբերմունք հայտնել, կտեսնենք, որ դա արել են ամենատարբեր ազգությունների, կողմնորոշումների տեր մարդիկ: Դա որևէ կերպ չի ազդում տեղի ունեցողի վրա: Միխայիլ Սաակաշվիլիի՝ Վրաստան վերադառնալը բացառապես Վրաստանի ներքին գործն է և Միխայիլ Սաակաշվիլիի գործն է»,- ասաց Փաշինյանը:

Տաճատ Վարդապետյանը նաև հարցրեց՝ ինչպե՞ս է պատկերացնում ԼՂ հակամարտության կարգավորումն առանց փոխզիջումների: Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ իր համար անհասկանալի է, թե ինչո՞ւ կողմերից մեկը պետք է խոսի փոխզիջումների մասին, երբ մյուս կողմը հայտարարի, որ գրավելու է Երևանը: «Փոխզիջման մասին խոսել իմաստ ունի, եթե երկու կողմը խոսում են այդ մասին: Ես միշտ ասել եմ՝ ծիծաղելի է, երբ Ադրբեջանի հոխորտանքներին հայկական կողմից պատասխանում են փոխզիջումների մասին խոսակցություններով»,- ասաց Փաշինյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում