Փաշինյանն այս ամբիոնից ուրիշներին էր մեղադրում, բեղ պահելու խորհուրդ տալիս, հիմա պարոն Փաշինյանն է մորուքով. Միհրան Հակոբյան

Փաշինյանն այս ամբիոնից ուրիշներին էր մեղադրում, բեղ պահելու խորհուրդ տալիս, հիմա պարոն Փաշինյանն է մորուքով. Միհրան Հակոբյան

Երեկ և այսօր պարոն Փաշինյանը, հետքայլ անելով նախկինում արված մի շարք հայտարարություններից, ասում է, որ հիմա արդեն, որպես վարչապետի թեկնածու, ստիպված է հաշվի նստել իրողությունների հետ, Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց «Հանրապետական» խմբակցության անդամ Միհրան Հակոբյանը։

«Փաշինյանի նման մոտեցումներն ընդունելի կլինեին, իհարկե, եթե իր կողմից հնչող հայտարարություններն այն ժամանակ ու հիմա իսկապես տարբեր իրողությունների առկայության պայմաններում լինեին։ Հայաստանը հիմա էլ, մեկ տարի առաջ էլ, հինգ տարի առաջ էլ, քսան տարի առաջ էլ եղել է Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցը», – ասաց Միհրան Հակոբյանը։

Նա նշեց, թե 1992 թվականից սկսած Հայաստանի բոլոր իշխանությունները գիտակցել են, որ Հաաստանի տնտեսությունը, անվտանգությունը, քաղաքականությունը ամուր թելերով կապված էին և շարունակում էին կապված լինել Ռուսաստանի հետ։

«Հայաստանի իշխանությունները ձգտել են Մոսկվայի հետ խորացնել հարաբերությունները։ Այսինքն՝ ո՛չ քաղաքական, ո՛չ տնտեսական առումով իրողություն չի փոխվել։ Հայաստանը հետևողական իր խնդիրներն է լուծել այդ ուղղությամբ, և ԵԱՏՄ անդամակցությունն այդ ճանապարհի հերթական, տրամաբանական քայլերից մեկն է եղել։ Եթե Փաշինյանն այդ ամենը չի գիտակցում, նշանակում է, որ իրողություն ասելով նա բացառապես պատկերացնում է իր այսրոպեական քաղաքական շահը։ Իր համար, այո՛ իրողություն է փոխվել, մեկ ամիս առաջ պարոն Փաշինյանը խորհրդարանի ամենափոքր խմբակցության ղեկավարն էր, իսկ հիմա հեղափոխական ճանապարհով փորձում է հասնել երկրի ղեկավարի ճանապարհին», – ասաց Մ. Հակոբյանը։

Վերջինս հարց ուղղեց, թե հիմա ո՞ր սկզբունքով է պետք առաջնորդվել՝ փոխված իրողությունների համատեքստում արված հայտարարությունների, թե՞ իրականության։

«Այսպես կոչված, ժողովրդի թեկնածուն հրապարակում հավաքված մարդկանց ներկայությամբ մի գաղափարներով և ծրագրերով է հանդես գալիս, Ազգային ժողովում՝ մեկ այլ։ Բառապաշարն էլ է տարբեր, խոսքն էլ է տարբեր, անգամ՝ հագուկապը։ Որոշ ժամանակ առաջ Փաշինյանն այս ամբիոնից ուրիշներին էր մեղադրում, որ ռեբրենդինգի են ենթարկվում, որ իրենց չճանաչեն, բեղ պահելու խորհուրդ էր տալիս, հիմա պարոն Փաշինյանն է մորուքով։ Ու ես չեմ կարողանում հասկանալ՝ մենք ո՞ր Փաշինյանի հետ գործ ունենք», -հայտարարեց Միհրան Հակոբյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում