Դաշնակցային հարաբերությունները սիրո մասին չեն, այլ շահերի

Դաշնակցային հարաբերությունները սիրո մասին չեն, այլ շահերի

Ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը վերջին շրջանում Հայաստանի ներքաղաքական կյանքում տեղի ունեցած իրադարձությունները չի կապում մայդանի կամ այլ դեպքի հետ, այլ շեշտադրում է դրանց ներքին հայկական բնույթը: Քաղաքական և ռազմական վերլուծության ինստիտուտի միջազգային խնդիրների բաժնի վարիչ Սերգեյ Մարկեդոնովն այս մասին խոսեց «Երևան-Մոսկվա» տեսակամուրջի ժամանակ: Նախ նա նշեց, որ առաջիկայում ժամանելու է Երևան՝ արդեն ներսից հետևելու իրադարձություններին ընթացքին:

Նա ներկայացրեց որոշ կարծիքներ, որոնք, ըստ իրեն, կարևոր են ռուսական լսարանի համար: «Հետխորհրդային երկրներում իրականացվող բոլոր զանգվածային ակցիաներն ընդունված է նմանեցնել մայդանին կամ համարել, որ դրանք ուկրաինական իրադարձությունների պատճենն են: Բայց ես դրա հետ բացարձակ համաձայն չեմ, քանի որ առաջին տարին չէ, որ ուսումնասիրում եմ Հայաստանը: Կարող եմ ասել, որ այս երկիրը բողոքի ակցիաների հարուստ փորձ ունի, որը ոչ մի կերպ կապ չունի Կիևի 2014-2015 թթ. իրադարձությունների հետ, և այն ունի իր շարժիչ ուժերն ու նախադրյալները»,-ասաց քաղաքագետը:

Նրա խոսքով՝ Հայաստանը հետխորհրդային այն երկրներից է, որը կազմավորվել է բողոքի ակցիաների արդյունքում՝ նկատի ունենալով 1988-ին սկիզբ առած Ղարաբաղյան շարժումը: Մարկեդոնովի դիտարկմամբ՝ դրանից հետո յուրաքանչյուր ընտրություն զուգորդվել է բողոքի զանգվածային ակցիաներով:

Ինչ վերաբերում է ներկայիս իրադարձություններին, ապա քաղաքագետը կարծում է, որ դրա համար կային նախադրյալներ՝ սոցիալ-տնտեսական իրավիճակով բավարարված չլինելը, մենաշնորհների առկայությունը և այլն: Նրա խոսքով՝ հայկական բողոքի ակցիաներին չեն հնչել աշխարհաքաղաքական ուղղության փոփոխության վերաբերյալ լոզունգներ, ընդհակառակը, շեշտադրվել է, որ Ռուսաստանի հետ գործընկերային հարաբերությունները պահպանվելու են: «Ընդհակառակը՝ բողոքի ակցիաների առաջնորդ Փաշինյանն ասում էր, որ ռուսական վեկտորը մնում է, բայց կան նրբություններ, կան խնդիրներ: Բայց միթե այդ խնդիրները չեն եղել Սարգսյանի կամ Քոչարյանի նախագահության ընթացքում: Եղել են, դաշնակիցների միջև դրանք միշտ էլ առաջանում են, դրանից վախենալ պետք չէ: Դաշնակցային հարաբերությունները սիրո մասին չեն, այլ շահերի: Շահերը կարող են համընկնել կամ ոչ, կարևորը պետք է կարողանալ դրանք բերել նույն դաշտ և որակապես աշխատել դրանց ուղղությամբ»,-ընդգծեց Սերգեյ Մարկեդոնովը:

Քաղաքագետը կարևորեց երկկողմ հարաբերություններում կառուցողական մոտեցման պահպանումը, քանի որ դեմքերի շուրջ չեն այդ հարաբերությունները կառուցվում, այլ այս կամ այն քաղաքական, տնտեսական, մշակութային հարցերի շուրջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում