Ռուս քաղաքագետը ԼՂ հարցում Հայաստանի վարած քաղաքականության էական փոփոխություններ չի կանխատեսում

Ռուս քաղաքագետը ԼՂ հարցում Հայաստանի վարած քաղաքականության էական փոփոխություններ չի կանխատեսում

Հայ հասարակության ու քաղաքականության մեջ Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ գոյություն ունի որոշակի կոնսենսուս, որն իշխանության նոր կոնֆիգուրացիայի պայմաններում չի տարբերվի նախորդից:

Մայիսի 3-ին կայացած մամուլի ասուլիսին նման տեսակետ արտահայտեց ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը՝ հավելելով, որ պետք չէ ակնկալել էական փոփոխություններ: «Սա այս օրերի ամենակարևոր հարցերից է: Ադրբեջանի բլոգոլորտը հաճախ արտահայտվում է այն մասին, որ նոր իշխանությունը պատրաստ կլինի ինչ-որ փոխզիջումների կամ զիջումների գնալ: Անկեղծ ասած՝ ես չեմ կարծում, որ իշխանության նոր կոնֆիգուրացիայի դեպքում Ղարաբաղի շուրջ քաղաքականությունը կարող է չափազանց տարբերվել նախորդից: Ես չեմ կարծում, որ Հայաստանի նոր իշխանությունները, եթե ինչ-որ բանից սկսելու են, դա լինի Ղարաբաղի հարցում զիջումը»,-ասաց քաղաքագետը:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի գործողություններին, ապա, ըստ Մարկեդոնովի, Ղարաբաղի շուրջ արմատական քայլերի հարցում նրանք զգուշավոր են, և Ադրբեջանը չի կարող իրեն թույլ տալ կտրուկ սրացում մի քանի պատճառով: «Ղարաբաղն, ի տարբերություն, օրինակ, Դոնբասի, չի դիտարկվում որպես «proxy war», այսինքն՝ ավելի մեծ երկրների շահերի բախում՝ ինչպես Ռուսաստանի ու Արևմուտքի միջև: Ընդհակառակը՝ այս հարցում Ռուսաստանի ու Արևմուտքի միջև կան ընդհանրություններ: Եթե դու հակադրվում ես Ռուսաստանին, ապա հակադրվում ես նաև Արևմուտքին ու դա Բաքվում գիտեն»,-նշեց քաղաքագետը։

Բանախոսը նկատեց նաև, որ, եթե Հայաստանում անկայունությունն ավելի լուրջ մակարդակի հասներ, օրինակ, ներքին բախումներ լինեին, ապա Ադրբեջանը կարող էր օգտվել առիթից և շփման գծում դիմել կոշտ քայլերի, ինչը, բարեբախտաբար, տեղի չունեցավ ցույցի խաղաղ հանգուցալուծման արդյունքում:

Բացի այդ, ինչպես Սերգեյ Մարկեդոնովը նկատեց, առջևում Ադրբեջանում հանրապետության օրվա տոնակատարություններն են, բարձրաստիճան հյուրեր են սպասվում եվրոպական երկրներից, ԱՄՆ-ից, հավանաբար նաև Ռուսաստանից: Այդ օրվան ընդառաջ նրանք չէին ցանկանա բացասական ինֆորմացիոն ֆոն ձևավորել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում