Թուրքիայի նախագահական ընտրություններին մասնակցող չորս թեկնածու պաշտոնապես գրանցվել է

Թուրքիայի նախագահական ընտրություններին մասնակցող չորս թեկնածու պաշտոնապես գրանցվել է

Թուրքիայի բարձրագույն ընտրական հանձնաժողովն ընդունել է երկրի նախագահական ընտրություններում մասնակցելու նպատակով չորս կուսակցությունների կողմից ներկայացված թեկնածուների դիմումները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը:

Հանձնաժողովի պաշտոնական կայքում տեղադրված որոշման համաձայն՝ որպես թեկնածու են գրանցվել «Վաթան» («Հայրենիք») կուսակցության նախագահ Դողու Փերինչեքը, «Լավ» կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեները, «Սաադեթ» («Երջանկություն») կուսակցության ղեկավար Թեմել Քարամօլլղաօղլուն և «Ադալեթ» («Արդարություն») կուսակցության ղեկավար Վեջդեթ Օզը:

Բարձրագույն ընտրական հանձնաժողովը փաստաթղթերի անբավարարության հիմնավորմամբ երեք թեկնածուի գրանցում մերժել է:

Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցությունը մայիսի 3-ին որոշում է ընդունել նախագահական ընտրություններում գործող նախագահ, կուսակցության առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանին առաջադրելու վերաբերյալ: Նրա թեկնածությունը պաշտոնապես սատարում է նաև «Ազգայնական շարժում» կուսակցությունը:

Գլխավոր ընդդիմադիր, քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունն ակնկալվում է, որ իր թեկնածուին պաշտոնապես կհայտարարի մայիսի 4-ին:

Կուսակցությունները նախագահական ընտրություններում իրենց թեկնածուներին կարող են առաջադրել մինչև մայիսի 5-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում