Ալեքսանդր Իսկանդարյանը կանխատեսում է բազմաշերտ քաղաքական էլիտա նոր կառավարության կազմում

Ալեքսանդր Իսկանդարյանը կանխատեսում է բազմաշերտ քաղաքական էլիտա նոր կառավարության կազմում

Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը մայիսի 8-ին «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելու հավանական սցենարի դեպքում ամենակարևոր խնդիրը համարում է խորհրդարանում «Ելք» խմբակցության փոքրամասնություն կազմելը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանը Իսկանդարյանն ասաց, որ Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելուց հետո կփոխվի նաև քաղաքական էլիտան: «Միգուցե հետ վերադառնան հին նախարարներ, քաղաքական տարբեր գործիչներ: Քաղաքական էլիտան միանշանակ բազմաշերտ է լինելու»,-ասաց նա:

Քաղաքագետի խոսքով՝ Փաշինյանն ընտրվելուց հետո պետք է Ընտրական օրենսգրքի փոփոխություններ իրականացնի, իսկ դրա համար անհրաժեշտ է ներկայիս Խորհրդարանին փոփոխություններն ընդունելու համար համոզելու ճանապարհներ գտնել: «Ամեն դեպքում, ամեն ինչ պետք է արագ արվի, քանի դեռ հանրության օժանդակությունը չի մարել»,- ասաց քաղաքագետը:

Ալեքսանդր Իսկանդարյանը ոչ հավանական համարեց երկրի ղեկավարի փոփոխությամբ պայմանավորված արցախյան հիմնահարցում տեղաշարժի հավանականությունը: «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններ վաղուց չեն իրականացվում, իսկ այն, ինչ հիմա իրականացվում է, չի կարելի բանակցություն համարել: Դրանք հիմնականում սահմանի ամրապնդմանն ուղղված տարաբնույթ աշխատանքներ են»,-հավելեց բանախոսը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում