Հայաստանյան վերջին զարգացումները միջազգային հարթակում խիստ դրական ազդեցություն են ունեցել հայ ժողովրդի, Հայաստանի իմիջի վրա

Հայաստանյան վերջին զարգացումները միջազգային հարթակում խիստ դրական ազդեցություն են ունեցել հայ ժողովրդի, Հայաստանի իմիջի վրա

Զբոսաշրջության ոլորտի վրա ներքաղաքական զարգացումների կոնկրետ ազդեցության մասին դեռ վաղ է խոսելը: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը նշեց, որ պետական մարմինները դեռ պաշտոնական գնահատական չեն տվել:

«Զբոսաշրջությունը զգայուն ոլորտ է, հետևաբար ցանկացած իրադարձություն, անկայուն վիճակ կարող է ազդեցություն թողնել դրա վրա: Այո, այս օրերին կան չեղարկումներ, սակայն կան նաև դեպքեր, երբ շատերը եկել են երթերին ականատես լինելու համար: Ովքեր այս օրերին Հայաստանում են գտնվել, արժանացել են բարյացակամ վերաբերմունքի, և դա ընդհանուր մթնոլորտ էր: Դրան անդրադարձել են շատ օտարերկրյա լրատվամիջոցներ, դա խիստ դրական ազդեցություն է ունեցել հայ ժողովրդի, Հայաստանի իմիջի վրա: Սա չի կարող դրական առումով ազդեցություն չունենալ զբոսաշրջության վրա»,-ասաց Մեխակ Ապրեսյանը:

Մեխակ Ապրեսյանը նշեց, որ այդ չեղարկումների մասով չեն կարող գնահատական տալ, քանի դեռ չկա պաշտոնական վիճակագրություն: Նա տեղեկացրեց, որ այսօր էլ Հայաստանում են լրագրողներ տարբեր երկրներից, օրինակ՝ Լիբանանից, ովքեր շատ տպավորված են հայաստանյան խոհանոցով:

Մեխակ Ապրեսյանը տեղեկացրեց, որ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ զբոսաշրջությունը 16.1 տոկոս աճ է գրանցել: Ավելի քան 346 հազար զբոսաշրջային այցելություն է գրանցվել: Աճը ապահովող երկրներն են Ռուսաստանը, Վրաստանը, ԱՄՆ-ն, եվրոպական երկրները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում