Տնտեսագետը պրոֆեսիոնալ, ազնիվ ու պատասխանատու կադրերին պահելու անհրաժեշտություն է տեսնում

Տնտեսագետը պրոֆեսիոնալ, ազնիվ ու պատասխանատու կադրերին պահելու անհրաժեշտություն է տեսնում

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը նոր ձևավորվելիք կառավարման համակարգում ցանկանում է տեսնել նաև այսօր բարձր պաշտոններ ստանձնածներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ, խոսելով առկա իրավիճակից դուրս գալու հիմնական քայլերի մասին, փորձագետը շեշտեց պրոֆեսիոնալ, ազնիվ ու պատասխանատու կադրերին պահելու անհրաժեշտությունը: Փորձագետի համար «թավշյա» հեղափոխությունների փուլ անցած երկրներից ամենանախընտրելին Չեխիայի փորձն է, մասամբ նաև՝ Վրաստանի: «Քաղաքական այն ուժը, որը պատասխանատվություն է ստանձնում, մասնավորապես, տնտեսության և ինստիտուցիոնալ բարեփոխումների համար, պետք է ձևավորի համապատասխան թիմ, կադրային արսենալ պետք է ունենա, որոնք պետք է ամբողջական պատասխանատվություն կրեն իրենց որոշումների ու դրանց հետևանքների համար: Բայց նաև պետք է օգտագործել բոլոր այն կադրերին, ովքեր պրոֆեսիոնալ են, ազնիվ ու պատասխանատու, օգտագործել ոչ քաղաքական կարգավիճակ շնորհելու ձևով, նկատի ունեմ ոչ մի դեպքում նախարարի կամ վարչապետի պաշտոն, այլ երկրորդ դեմքի՝ հայեցողական պաշտոնի կամ գլխավոր խորհրդատվականի կարգավիճակում»,-ասաց տնտեսագետը:

Ատոմ Մարգարյանն այս իմաստով կարևորեց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն այն մասին, որ կադրային ջարդ, վենդետաներ ու բռնագրավումներ չեն լինելու: «Այլ երկրների փորձն էլ հուշում է, որ 1.5-2 տարվա ընթացքում չպետք է գնալ նման քայլերի: Եթե կան իսկապես լուրջ խնդիրներ ինչ-որ անձանց, բիզնեսի, պաշտոնյաների առումով, պետք է ամեն ինչ անել օրենքի ու իրավական պատասխանատվության դաշտում»,-հավելեց բանախոսը:

Նրա դիտարկմամբ՝ մարդիկ այսօր և հիմա փոփոխություններ են ակնկալում, այդ իսկ նպատակով անհրաժեշտ է արագ հայթայթել ռեսուրսներ դրանք կյանքի կոչելու համար: Նմանատիպ արագ քայլերից պետք է լինի, ըստ Մարգարյանի, բնական մենաշնորհների իրավիճակի վերաբերյալ անկախ աուդիտի իրականացումը:

Ինչ վերաբերում է սոցիալական հատվածի խնդիրներին, ապա դրանցից ամենացցունը աղքատությունն է, որը, տնտեսագիտական բառապաշարով, «պարփակվել է արատավոր շրջանակի մեջ»: «Այդ շրջանակից դուրս գալու ելքերը տնտեսական միջոցներով նույնիսկ հնարավոր չէ իրականացնել, ելքերը քաղաքական, ինստիտուցիոնալ լուծումների հարթության վրա են, ինչը, թերևս, միջնաժամկետ հատվածում լուծելիք խնդիր է»,-ասաց Ատոմ Մարգարյանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում