Պուտինն ստանձնեց Ռուսաստանի նախագահի պաշտոնը

Պուտինն ստանձնեց Ռուսաստանի նախագահի պաշտոնը

Վլադիմիր Պուտինն ստանձնել է Ռուսաստանի նախագահի պաշտոնը նոր ժամկետով: Դա հայտարարել է Սահմանադրական դատարանի նախագահ Վալերի Զորկինն այն բանից հետո, երբ Պուտինը Կրեմլի Մեծ պալատի Անդրեեւյան դահլիճում ընդունեց նախագահական նշանը եւ երդում տվեց, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Սա Պուտինի արդեն չորրորդ ժամկետն է պետության ղեկավարի պաշտոնում: Նրա առաջին երկու ժամկետները տեւել են չորսական տարի. Ռուսաստանի Սահմանադրության մեջ ուղղումներ մտցնելուց հետո պետության ղեկավարի մանդատը երկարացվել է մինչեւ վեց տարի:

Առաջին վեցամյա ժամկետով Պուտինն ընտրվել էր 2012 թվականին, նրա լիազորությունների նոր ժամկետը կավարտվի 2024 թվականի մայիսի 7-ին: 2018 թվականի մարտի ընտրություններում հաղթելուց հետո Պուտինը մեկնաբանել Էր 2030 թվականին նախագահական պաշտոնին իր հնարավոր վերադարձի վերաբերյալ ենթադրությունը՝ դա համարելով ծիծաղելի: Պուտինը պետությունն առաջին անգամ գլխավորել է 2000 թվականին՝ այդ պաշտոնում աշխատելով երկու ժամկետ՝ մինչեւ 2008 թվականը, երբ նախագահ ընտրվեց Դմիտրի Մեդվեդեւը: 2012 թվականին նա վերստին հնարավորություն ստացավ առաջադրելու իր թեկնածությունը: Պուտինը դարձել է առաջին նախագահը, որի լիազորությունների ժամկետը վեց տարի է:

Պետության ղեկավարի՝ նոր ժամկետով լիազորությունների վկայականը ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Էլլա Պամֆիլովան Պուտինին հանձնել էր դեռ ապրիլի 3-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում