Թուրքիայում «Լավ» կուսակցության անդամները հարձակման են ենթարկվել

Թուրքիայում «Լավ» կուսակցության անդամները հարձակման են ենթարկվել

Անհայտ անձինք Ստամբուլում դանակով և ատրճանակով հարձակվել են «Լավ» կուսակցության անդամների վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը:

Հարձակման հետևանքով մեկ մարդ ստացել է հրազենային, ևս 4-ը՝ դանակից ստացված վնասվածքներ: Նրանցից մեկի վիճակը ծանր է:

Իրավապահ մարմինները որոնում են հարձակումն իրականացրածներին: Կան տեղեկություններ այն մասին, որ հարձակումն արվել է «Ազգայնական շարժում» կուսակցության կողմնակիցների կողմից:

«Լավ» կուսակցությունը դատապարտել է կատարվածը՝ հույս հայտնելով, որ մեղավորները շուտափույթ պատժի կարժանանան:

Կուսակցության փոխնախագահ Մյուսավաթ Դերվիշօղլուն հարձակման վերաբերյալ գրառում է կատարել թվիթերյան միկրոբլոգում՝ թափվող ամեն կաթիլ արյան համար պատասխանատու անվանելով ազգայնական կուսակցության նախագահ Դևլեթ Բահչելիին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում