Հանձնառու ենք ԼՂ խնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը՝ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի հիման վրա

Հանձնառու ենք ԼՂ խնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը՝ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի հիման վրա

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, Times.am: ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը համոզված է՝ Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորմանն ուղղված բանակցությունները լիարժեք և արդյունավետ չեն կարող լինել առանց կողմերից մեկի՝ Արցախի ղեկավարության մասնակցության: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ելք» խմբակցության ղեկավար, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ԱԺ ամբիոնից՝ հավելելով, որ դա նախատեսված է Մինսկի խմբի 1992 թվականի մանդատով: Խոսելով հիմնախնդրի խաղաղ և միջազգային իրավունքի հիման վրա կարգավորման անհրաժեշտության մասին՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ կենսական է Արցախի ժողովրդի՝ իր ճակատագիրը ինքնուրույն որոշելու անքակտելի իրավունքի ու դրա իրացման միջազգային ճանաչումը:

«Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման առումով մենք հանձնառու ենք բացառապես խաղաղ կարգավորմանը, որի հիմքում պետք է ընկած լինի ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ես պատրաստ եմ բանակցելու Ադրբեջանի ղեկավարի հետ՝ որպես հիմք ունենալով վերոնշյալ սկզբունքային դիրքորոշումը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ պետք է նոր լիցք հաղորդել Արցախի միջազգային ճանաչման գործընթացին, որը աշխարհասփյուռ հայության օրակարգային կարևոր հարցերից մեկը պետք է լինի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում