Արցախի նախագահի նստավայրում պարգևատրման արարողություն է տեղի ունեցել

Արցախի նախագահի նստավայրում պարգևատրման արարողություն է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, Times.am: Հաղթանակի տոնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման 26-րդ տարեդարձի կապակցությամբ մայիսի 8-ին Արցախի Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգեւատրման հանդիսավոր արարողություն:

Հայրենիքի պաշտպանության գործում ունեցած նշանակալի ավանդի, Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս եւ Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած արիության ու խիզախության, Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների եւ մասնագիտական արդյունավետ ու նվիրված գործունեության համար պաշտպանության բանակի մի խումբ զինծառայողներ եւ ազատամարտիկներ արժանացել են պետական բարձր պարգեւների, ԱՀ ոստիկանության մեկ աշխատակցի շնորհվել է ոստիկանության գեներալ-մայորի կոչում:

Իր ելույթում Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ Մայիսյան եռատոնը միավորում է մեր ժողովրդի տարբեր սերունդներին՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակ տարած մեր հայրերին ու պապերին եւ նրանց հերոսական օրինակով դաստիարակված ու Արցախյան ազատամարտում նոր հաղթանակներ կերտած քաջ հայորդիներին:

«Մեր հաղթանակների ճանապարհը հեշտ չէր, եւ, ցավոք, մենք ունեցանք անդառնալի կորուստներ: Հայրենիքի պաշտպանությունն իրականացնելիս անմահացան հազարավոր նվիրյալներ: Սերունդների պարտքն է՝ միշտ վառ պահել նրանց պայծառ հիշատակը, իսկ դրա լավագույն միջոցը մեր անկախ պետականության շարունակական ամրապնդումն է, պաշտպանական համակարգի հետեւողական զորացումը, հայրենի երկրի շենացումն ու զարգացումը, ժողովրդի բարեկեցության մակարդակի բարձրացումը»,- ընդգծել է Արցախի Հանրապետության Նախագահը:

Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Արայիկ Հարությունյանը, պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում