Սահմանին կուտակումները շարունակում են մնալ նույնը, ԶՈւ-ն լիարժեք վերահսկում է իրավիճակը

Սահմանին կուտակումները շարունակում են մնալ նույնը, ԶՈւ-ն լիարժեք վերահսկում է իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, Times.am: Շփման գծում որևէ բան չի փոխվել, ադրբեջանական կողմից զինտեխնիկայի կուտակումները շարունակում են մնալ նույնը: Լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը: Նա հիշեցրեց, որ լարվածությունը ոչ թե արտահայտվում է կրակի ինտենսիվությամբ, այլ կուտակումներով:

«Զինված ուժերը շարունակում են լիարժեք վերահսկել իրավիճակը, պատրաստ են ցանկացած գործողություններին հակահարված հասցնել, ինչպես պահանջում է մեր երկրի շահը»,-նշեց Վիգեն Սարգսյանը:

Անդրադառնալով հարցադրմանը, թե ինչու ՊՆ-ն չարձագանքեց «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի հայտարարությանը, որով նա Ազգային ժողովի ամբիոնից կասկածի տակ դրեց սահմանում լարվածության վերաբերյալ հայտարարությունները, Վիգեն Սարգսյանը նկատեց, որ ՊՆ հայտարարությանն արված հակահայտարարությունը լի է մի քանի վտանգներով, որոնցից մեկն էլ բանակի կողմից արվող հետագա հայտարարությունների նկատմամբ վստահության անկումը կարող է լինել: «Բացի այդ՝ ես այդ օրերին ոչ մի զանգ չստացա ոչ Սասուն Միքայելյանից, ոչ Նիկոլ Փաշինյանից կամ ոչ որևէ մեկ ուրիշից, ով կզանգեր ու կհարցներ այդ հայտարարությունն ինչ հիմքեր ունի, կարող է իրոք ինչ-որ բան պետք է անել: Նորմալ եմ դա համարում, բայց այդ ֆոնին հակահայտարարությունները սխալ են: Բանակի հայտարարությունները չեն կարող պայմանավորված լինել ներքին զարգացումներով»,-հավելեց նա:

Արցախի պաշտպանության բանակը ապրիլի 22-ին և մայիսի մեկին հայտնել է, որ շփման գծում Ադրբեջանը մարդկային ուժի և զինտեխնիկայի կուտակումներ ու տեղաշարժ է իրականացնում՝ հրապարակելով դրա մասին վկայող տեսանյութեր: Այդ օրերին Հայաստանի ներքաղաքական իրավիճակը լարված էր, երկրի ներսում ցույցեր էին, և ընդդիմադիր «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը հայտարարում էր, որ այդ լուրերն իրականություն չեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում