Միացյալ Նահանգները ոգեշնչված է Հայաստանում տեղի ունեցած զարգացումներով, խաղաղ հանգուցալուծմամբ. Ռիչարդ Միլս

Միացյալ Նահանգները ոգեշնչված է Հայաստանում տեղի ունեցած զարգացումներով, խաղաղ հանգուցալուծմամբ. Ռիչարդ Միլս

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ դեսպանատունը պատրաստ է ձեւավորումից հետո աշխատել Հայաստանի նոր կառավարության հետ և շարունակել գործընկերությունը: Մայիսի 9-ին Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:

Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները, ամերիկյան կառավարությունը, Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը ոգեշնչված են Հայաստանում տեղի ունեցած զարգացումներով, խաղաղ ընթացքով և հանգուցալուծմամբ: «Մենք շնորհավորում ենք պարոն Փաշինյանին վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Ժամանակն է, որ կառուցվեն կամուրջներ, թուլացվի լարվածությունը և կառուցվի այն նոր Հայաստանը, որը պահանջում և որի համար փողոց էին դուրս եկել այդքան մեծ թվով մարդիկ»,-ասաց Միլսը՝ հավելելով, որ առաջիկա օրերի, ամիսների ընթացքում դեսպանությունը կաշխատի նոր կառավարության հետ՝ տեսնելու, թե ինչով Միացյալ Նահանգները կարող է օգտակար լինել Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարին, ժողովրդավարության ամրապնդմանը , ավելի ազատ տնտեսության ձևավորմանը:

Հայաստանում ԱՄՆ դեսպանը շնորհավորական խոսք հղեց նաև մայիսի 9-ի հետ կապված: «Սա այն օրն է, երբ մենք տոնում ենք աշխարհի միավորումը ֆաշիզմի դեմ պայքարում՝ ժողովրդավարությանն ուղղված գործունեությամբ: Ամերիկյան ժողովուրդը երբեք չի մոռանա այն զոհողությունները, որին գնացել են այն ժամանակ Խորհրդային հանրապետությունները, որոնց թվում էր նաև Հայաստանն այս պայքարում»,-հավելեց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում