Փոխզիջումների մասին խոսք կարող է լինել միայն այն դեպքում, երբ Ադրբեջանը կճանաչի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը

Փոխզիջումների մասին խոսք կարող է լինել միայն այն դեպքում, երբ Ադրբեջանը կճանաչի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, Times.am: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում փոխզիջումների մասին խոսք կարող է գնալ միայն այն դեպքում, երբ Ադրբեջանի հստակ ուղերձ լինի, որ Բաքուն պատրաստ է ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Արցախում մեկնարկած մամուլի ասուլիսի ընթացքում նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Փոխզիջումների մասին ես իմ կարծիքն արդեն արտահայտել եմ: Չի կարող խոսք գնալ փոխզիջումների մասին այն պարագայում, երբ Ադրբեջանի ղեկավարությունը բարձրաձայնում է Երևանը, Զանգեզուրը գրավելու մասին: Փոխզիջումների մասին կարող է խոսք լինել միայն այն պարագայում, երբ մենք Ադրբեջանից ստանանք հստակ ուղերձ, որ Բաքուն պատրաստ է ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետն ընդգծեց, որ միջազգային հանրությունը պետք է շատ հստակ արձանագրի, որ Արցախի հարցի էությունը մարդու իրավունքների պաշտպանության խնդիրն է, որովհետև խնդիրը ծագել է այն բանի արդյունքում, երբ Ադրբեջանը ոչ միայն ի վիճակի չի եղել ապահովել ԼՂ ինքնավար մարզի հայ բնակչության նվազագույն իրավունքները, այլև ուղիղ սպառնալիք է ստեղծել նրանց կյանքի և անվտանգության, նրանց ինքնության իրավունքին: «Այսինքն, Ադրբեջանը սպառնալիք է ստեղծել Արցախի ժողովրդի գոյության համար, իրական սպառնալիք, և այդ սպառնալիքները ոչ թե բանավոր խոսքով, այլ կոնկրետ գործողություններով` խաղաղ բնակչության դեմ ռազմական պայքար մղելով»,- ասաց ՀՀ վարչապետը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում