ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են հացադուլի մեջ գտնվող Գարեգին Չուգասզյանին, Արայիկ Խանդոյանին և Աշոտ Պետրոսյանին

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են հացադուլի մեջ գտնվող Գարեգին Չուգասզյանին, Արայիկ Խանդոյանին և Աշոտ Պետրոսյանին

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, Times.am: Գարեգին Չուգասզյանին ազատությունից զրկելու առաջին օրից սկսած, Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ, իրականացվում են պարբերական այցեր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Այցերի ընթացքում յուրաքանչյուր անգամ տեղի է ունենում առանձնազրույց Գարեգին Չուգասզյանի հետ, ստուգվում են պահման պայմանները, նրա առողջական վիճակն ու համապատասխան փաստաթղթերը` հաշվի առնելով հացադուլի մեջ գտնվելու հանգամանքը: Այս մասին տեղեկացրին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից:

Վերջին այցի ժամանակ՝ մայիսի 10-ին, Գարեգին Չուգասզյանի գիտակցությունը եղել է պարզ, սակայն զգացել է թուլություն: Հացադուլով պայմանավորված՝ նրա առողջական վիճակն այնպիսին է, որ պահանջում է առավել ինտենսիվ բժշկական հսկողություն: Դրանից բացի, հաշվի առնելով, որ Գարեգին Չուգասզյանի խցի պայմաններն ընդունելի չեն՝ ինչպես բանավոր, այնպես էլ համապատասխան գրությամբ բարձրացվել է նրա խուցն անմիջապես փոխելու հարց:

Պաշտպանի ներկայացուցիչները մշտական կապի մեջ են նաև Գարեգին Չուգասզյանի փաստաբանի հետ:

Քրեակատարողական հիմնարկ այցի ընթացքում տեղի են ունեցել առանձնազրույցներ նաև հացադուլի մեջ գտնվող Արայիկ Խանդոյանի և Աշոտ Պետրոսյանի հետ: Նրանց կողմից բարձրացված մի շարք խնդիրներ անմիջապես ստացել են դրական լուծում, այդ թվում՝ Պաշտպանի ներկայացուցիչների աջակցությամբ Աշոտ Պետրոսյանին հանձնուքի միջոցով փոխանցվել է հենակը:

Հացադուլում գտնվող անձի նկատմամբ վերաբերմունքը պահանջում է բացառապես բժշկական մոտեցում՝ հատուկ սկզբուններով: Այս տեսանկյունից չափազանց կարևոր է հացադուլ իրականացնող անձին մշտական բժշկական հսկողության ներքո պահելը: Հաշվի առնելով, որ հացադուլի մեջ գտնվող անձանց նկատմամբ բժշկական հսկողությունը պատշաճ մակարդակով ապահովված չի եղել՝ բարձրացվել է այդ կապակցությամբ անհապաղ քայլեր ձեռնարկելու հարցը։

«Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության նախագահ Գարեգին Չուգասզյանը կալանավորվել էր 2015 թվականին՝ ապրիլի 24-ին ընդառաջ զանգվածային անկարգությունների նախապատրաստման համար: Մի քանի օր անց սակայն նրա խափանման միջոց կալանքը փոխարինվել էր չհեռանալու մասին ստորագրությամբ եւ նրան ազատ էին արձակել: Չուգասզյանը, ում նկատմամբ, որպես մեղադրյալի, որպես խափանման միջոց էր ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին, հետագայում չէր ներկայացել վարույթն իրականացնող մարմնին։ Պարզվել էր, որ նա փոխել է բնակության վայրը՝ առանց այդ մասին պատշաճ ծանուցելու նախաքննական մարմնին՝ այդպիսով խախտելով ընտրված խափանման միջոցի՝ օրենքով սահմանված պահանջները։ Դատարանի որոշմամբ մեղադրյալ Չուքասզյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում