Պաշտոնական Անկարան Փաշինյանի հայտարարությանը արձագանքել է նախապայմաններով

Պաշտոնական Անկարան Փաշինյանի հայտարարությանը արձագանքել է նախապայմաններով

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի վարչապետ Բինալի Յըդլըրըմն արձագանքել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ պաշտոնական Անկարայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին հայտարարությանը, սակայն, կրկնելով Անկարայի նախապայմանները:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, Յըլդըրըմը հայտարարել է, թե Թուրքիայի չի ցանկանում հարևանների հետ թշնամություն անել: Այդուհանդերձ, նա՝ ըստ էության չի շեղվել Հայաստանի նկատմամբ թուրքական ավանդական քաղաքական գծից:

Մասնավորապես, նա նշել է. «Իհարկե եթե Հայաստանը փոխի տարիներ ի վեր Թուրքիայի հանդեպ ունեցած թշնամական դիրքորոշումը, հրաժարվի Թուրքիայի տարածքային ամբողջականության ու սահմանների նկատմամբ ունեցած նկարտումներից, ամեն ինչից հրաժարվի, ցանկանա նոր էջ բացել, ապա մենք կուսումնասիրենք մանրամասներն ու դրան անհրաժեշտ պատասխան կտանք: Մենք ոչ ոքի, մասնավորապես մեր հարևանների հետ չենք ցանկանում թշնամության մեջ լինել: Եթե այսպիսի մոտեցում լինի, կքննարկենք այն մեր պետության շահերի շրջանակում»:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախում լրագրողների հարցին ի պատասխան հայտարարել էր, որ Հայաստանն այսօր էլ պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանն` առանց նախապայմանների։ «Դուք գիտեք, որ այդ հարցում նախապայմաններ ունի Թուրքիան, և այդ նախապայմաններն անտրամաբանական են, որովհետև երկու երկրների հարաբերությունների հաստատման համար չի կարող նախապայման լինել երրորդ երկրի հետ հարաբերությունը»,- ասել էր նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում