ՊՆ-ի ենթակայության տակ կստեղծվի Ռազմատեխնիկական գիտահետազոտական ինստիտուտ

ՊՆ-ի ենթակայության տակ կստեղծվի Ռազմատեխնիկական գիտահետազոտական ինստիտուտ

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, Times.am: ՀՀ պաշտպանության նախարարության ենթակայությամբ կստեղծվի Ռազմատեխնիկական գիտահետազոտական ինստիտուտ: Այս մասին որոշման նախագիծը հավանության արժանացավ ՀՀ կառավարության մայիսի 11-ի նիստում, որը վարում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ռազմատեխնիկական գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության (ՊՈԱԿ) ստեղծումը կնպաստի Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերության տեխնոլոգիական զարգացմանը, գիտական և տնտեսական ներուժի լիարժեք օգտագործմանը ռազմարդյունաբերության ոլորտում:

«Ինստիտուտը մշակումներ իրականացնելու գործառույթ չունի, այն կազմելու է մարտավարատեխնիկական առաջադրանքներ: Մենք պետք է հասկանանք, թե զորքերն ի՞նչ են ուզում են ունենալ, ո՞րն է ամենակարեւոր խնդիրը, տեսնել, թե աշխարհում ի՞նչ է կատարվում, ո՞ր ուղղություններն են զարգացնելու համար առաջնահերթ: Այն լինելու է զինված ուժերի և մշակող ինստիտուտների միջև օղակ, որը հստակ ձևակերպելու է խնդիրը, առաջադրանքը: Հիմա դա ոչ համակարգված է արվում: Խոսքը մեծ կառույցի մասին չէ, ամեն ուղղությամբ մեկ-երկու մասնագետ է լինելու: Այս ինստիտուտը չի լինելու փոխարինող ինչ-որ մեկին, այլ լրացնող»,- ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Դավիթ Փախչանյանը:

Հարցի վերաբերյալ հավելում կատարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Փաստորեն, մենք սրանով ուզում ենք ստեղծել ռազմարդյունաբերական համալիրի ուղեղային կենտրոն, որը կորոշի առաջնահերթությունները, կարիքները եւ, ըստ այդմ, կձեւակերպի այն պահանջարկը, որը երկարաժամկետ ու կարճաժամկետ առումով ունենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում