Քաղաքացիները փակել են Արշակունյաց պողոտան՝ ի աջակցություն ՊՊԾ գունդը գրաված մարդկանց

Քաղաքացիները փակել են Արշակունյաց պողոտան՝ ի աջակցություն ՊՊԾ գունդը գրաված մարդկանց

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, Թերթ.am: Արշակունյաց պողոտան փակած քաղաքացիներին միացավ «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուգասզյանը, որը ձերբակալվել էր ապրիլի 24-ին, այնուհետև կալանավորվել։

Նա լրագրողներին ասաց, որ բոլոր հացերին ինքը կպատասխանի վաղը՝ ժամը 14:00-ին, Մատենադարանի Մաշտոցի արձանի մոտ:

«Հացադուլը չի վերջացել, վաղը մնացած հարցերին կպատասխանեմ: Այսօր թույլ տվեք ինձ, որ շփվեմ իմ ընկերների հետ»,- ասաց նա՝ հավելելով, որ ինքը կարիք ունի շփվելու իր ընկերների հետ՝ իրավիճակը հասկանալու համար:

Նրան շնորհավորողներին էլ ասաց՝ դեռ շուտ է շնորհավորելու համար, այսօր մեկ փուլ է ընդամենը:

«Բայց մենք ճիշտ ճանապարհին ենք: Մեր ժողովուրդն է այս ամեն ինչի տերը, և ժողովուրդն էլ ցույց կտա ճիշտ ճանապարհը: Շատ լավ երկիր ենք ունենալու, ընտիր երկիր ենք ունենալու»,- ասաց նա:

———————

Մի խումբ քաղաքացիներ փակել են Արշակունյաց պողոտան՝ ի աջակցություն ՊՊԾ գունդը գրաված մարդկանց:

Նրանց խոսքով՝ իրենք պահանջում են, որ դատավորներն իրենց «մասնագիտական պարտավորվածություններն անեն, ազատեն ՊՊԾ գունդը գրաված անձանց և չսպասեն այլևս որևէ հրահանգի»:

«Անցել են ժամանակները: Նիկոլ Փաշինյանը Ձեզ հրահանգ չի տալու»,- ասաց նրանցից մեկը:

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանն էլ լրագրողների հետ զրույցում նշեց, որ հասարակության որևէ հատված վերապահում չունի «Սասնա ծռերի» նկատմամբ:

«Վերապահություն կարող է ունենալ դատախազությունը, բայց ոչ հասարակությունը, ոչ մեր քաղաքացիները: Ընդ որում՝ չպետք է մոռանանք, որ «Սասնա ծռերի» ազատությունը ևս համազգային պրոցես է, որովհետև մենք բազմաթիվ բողոքի ցույցեր տեսել ենք նաև Սփյուռքի այլ համայնքներում ևս»,- ասաց նա՝ հավելելով նաև, որ հասարակության շրջանում չկա կարծիք, որ նրանք հանցագործության մտադրություն ունեցել են:

Արմեն Մարտիրոսյանի խոսքով՝ «Սասնա ծռերի» գործողությունները զինված ապստամբություն էին, որը կարող է լինել, երբ իշխանություններից դժգոհություն կա, և որը միջազգային նորմերով արդարացվում է:

Թե երբ ցուցարարները կբացեն Արշակունյաց պողոտան, հայտնի չէ: Ցուցարարները ասում են՝ բողոքի ակցիան անժամկետ է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում