ՀՀ ոստիկանապետը խորհրդակցություն է անցկացրել ճանապարհային ոստիկանության անձնակազմի հետ

ՀՀ ոստիկանապետը խորհրդակցություն է անցկացրել ճանապարհային ոստիկանության անձնակազմի հետ

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, Times.am: ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը մայիսի 11-ին խորհրդակցություն է անցկացրել ճանապարհային ոստիկանության ղեկավարության և անձնակազմի հետ։

Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից՝ հավելելով. «Ոստիկանության պետը կարևորեց ճանապարհային ոստիկանների շարային կեցվածքի, համազգեստի պատշաճությունը, կարգապահությունը։

Կարևորվեց խաչմերուկների թողունակությունը ավելացնելու, խցանումներն ու հապաղումները բացառելու ուղղությամբ ճանապարհային ոստիկանության աշխատանքն էլ ավելի արդյունավետ դարձնելու խնդիրը։ Նշվեց նաև, որ առավոտյան ու երեկոյան ժամերին ծանրաբեռնված խաչմերուկներում ծառայությունն անհրաժեշտ է ավելի ուժեղացնել։
Քաղաքացիների հետ շփումներում լինել հարգալից, նվազ վտանգավոր խախտումներ կատարած վարորդներին որոշ դեպքերում ներել։

Վալերիյ Օսիպյանը խիստ հրահանգ տվեց բացառել ցանկացած կոռուպցիոն դրսևորում ճանապարհային ոստիկանության համակարգում՝ ընդգծելով, որ այս ուղղությամբ լինելու է հետևողական։

Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին նաև ճանապարհային ոստիկանության գործառույթներին և երթևեկությանը վերաբերող այլ հարցեր ևս»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում