«Ժողովուրդ». Բաղրամյան պողոտայում նռնակ նետելու հրահանգը տվել էր ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանը

«Ժողովուրդ». Բաղրամյան պողոտայում նռնակ նետելու հրահանգը տվել էր ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ապրիլի 16-ի բողոքի ցույցի ժամանակ Բաղրամյան պողոտան փակած դիմակավոր ոստիկանները ցուցարարների ուղղությամբ ձայնային նռնակներ կիրառեցին: Հիվանդանոց տեղափոխվեց 46 անձ, որից 6-ը ոստիկանության աշխատակիցներ էին: Բեկորային վնասվածքներ ստացավ նաև այն ժամանակ ցույցերի առաջնորդ, հիմա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Շուտով կլրանա մեկ ամիսը, սակայն մինչ օրս տեղի ունեցածի վերաբերյալ քրեական գործ չի հարուցվել:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ փոխարենը իրավապահները փորձաքննություններ են նշանակել` հասկանալու համար, թե, ի վերջո, նռնակը կիրառելիս անվտանգության կանոնները պահպանվե՞լ են, թե՞ ոչ: Եվ ենթադրվում է՝ փորձաքննության եզրակացությունն էլ հիմք կդառնա քրեական գործ հարուցելու, որոշում կայացնելու կամ այն մերժելու հարցում: Ի դեպ, հավելենք, որ Բաղրամյան պողոտայում նռնակ նետելու հրահանգը տվել էր ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանը, որի պաշտոնանկության մասին երեկ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հետաքրքիր է՝ հանրահավաքի մասնակիցների նկատմամբ մշտապես գազանաբարո վերաբերմունքով աչքի ընկած Երանոսյանը կհայտնվի՞ մեղադրյալի աթոռին, թե՞ ջրից չոր դուրս կգա ու կճողոպրի ՀՀ-ից»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում