Իրաքում ընտրատեղամասերից մեկի վրա հարձակում պլանավորած ահաբեկիչները ոչնչացվել են

Իրաքում ընտրատեղամասերից մեկի վրա հարձակում պլանավորած ահաբեկիչները ոչնչացվել են

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքի Դիյալ նահանգում մայիսի 12-ի առավոտյան ուժային կառույցները ոչնչացրել են երկու մահապարտ-ահաբեկչի, որոնք պլանավորել էին հարձակվել տեղի ընտրատեղամասերից մեկի վրա:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում կատարելով «ՌԻԱ Նովոստի»-ին, ուժային կառույցների պատասխանատուները տեղեկացրել են, որ ահաբեկչություն պլանավորող ծայրահեղականները եղել են զինված, իրենց հետ ունեցել են պայթուցիկ սարքեր: Ահաբեկիչները ոչնչացվել են խորհրդարանական ընտրությունների քվեարկության մեկնարկից մի քանի ժամ առաջ՝ Դիյալի բնակավայրերից մեկում:

Իրաքում խորհրդարանական ընտրությունները մեկնարկել են մայիսի 12-ին՝ տեղի ժամանակով 7:00-ին: «Իսլամական պետության» զինյալներից երկիրն ազատելուց ի վեր երկրում ընտրություններ առաջին անգամ է անցկացվում:

Իրաքի ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ քվեարկելու իրավունք ունի 24 մլն քաղաքացի: Ընտրական պայքարի մեջ է մտել 29 տարբեր բլոկ՝ իր մեջ ներառելով շուրջ 200 քաղաքական ուժ: Ըստ հաշվարկների՝ 329 պատգամավորական աթոռի համար պայքարում է ավելի քան 7 հազար թեկնածու:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում