Վարչապետը Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման շուրջ հայտնեց մի շարք դիրքորոշումներ, որոնք, ըստ իս, կարող են նաև վտանգավոր լինել. Վիգեն Սարգսյան

Վարչապետը Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման շուրջ հայտնեց մի շարք դիրքորոշումներ, որոնք, ըստ իս, կարող են նաև վտանգավոր լինել. Վիգեն Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, aravot.am: Այսօր Եռաբլուրում «Առավոտի» թղթակցի հարցերին պատասխանեց պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը

– Պարոն Սարգսյան, ինչպե՞ս եք վերաբերում ձևավորվող նոր կառավարությանը:

-Հաջողություն եմ մաղթում: Հատկապես մեր երկրի համար կենսական` պաշտպանական և արտաքին քաղաքական ոլորտներում: Դա շատ կարևոր է: Այդ ոլորտներում յուրաքանչյուր հաղթանակ` մեր բոլորի հաղթանակն է, յուրաքանչյուր պարտություն` մեզանից ամեն մեկի, մեր ընտանիքների և զավակների համար լրջագույն մարտահրավեր: Դա էր պատճառը, որ այսօր նախարար Տոնոյանին մանրակրկիտ և բազմաժամ բրիֆինգի ընթացքում փոխանցեցի պաշտպանության ոլորտի բոլոր հիմնական խնդիրները, ծրագրերը և ընթացակարգերը` ցանկացած պահին որևէ խնդրի լուծման հարցում օգտակար լինելու պատրաստակամություն հայտնելով: Ուրախ եմ, որ արտաքին գործերի նախարար է նշանակվել երկար տարիների դիվանագիտական աշխատանքի բացառիկ փորձ ունեցող, ԱԳՆ-ում մեծ հարգանք վայելող դեսպան Մնացականյանը:

Կարևոր է արագ ձևավորել արտաքին քաղաքական առաջնահերթություններն ու մոտեցումները` պետությանը մեկ լեզվով խոսելու հնարավորություն տալու նպատակով: Վարչապետը, կառավարությունը, արտաքին գործերի նախարարությունը, անվտանգության խորհուրդը և խորհրդարանը պետք է կարողանան փոխգործակցված մոտեցումներ որդեգրել և դրսևորել:

–Ի՞նչ նկատի ունեք:

-Շատ պարզ. երեք օր առաջ, մամուլի իր ասուլիսում Հայաստանի վարչապետը Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման շուրջ հայտնեց մի շարք դիրքորոշումներ, որոնք, ըստ իս, կարող են նաև վտանգավոր լինել: Վստահ եմ, որ նա նպատակ չի դրել բարդացնել Հայաստանի վիճակն այդ հարցում, բայց ակնհայտորեն արել է պնդումներ, որոնք ոչ միայն արժանացել են Ադրբեջանի բավականին ագրեսիվ արձագանքին, այլև, վստահ եմ, մտահոգում են նաև մեր միջազգային գործընկերներին, մասնավորապես` Մինսկի խմբի համանախագահությանը:

Վարչապետը հայտարարել է, որ կտրուկ շրջադարձեր չեն լինելու արտաքին քաղաքականության բնագավառում, բայց միևնույն ժամանակ ավելացրել, որ Հայաստանը հակամարտության կողմ է: Դա միշտ եղել է Ադրբեջանի պնդումը, այնինչ միջազգային հանրությունը գիտի, որ Հայաստանը Արցախի անվտանգության երաշխավորն է, բանակցային գործընկեր, բայց ոչ երբեք` «հակամարտության կողմ»: Դա կարող է հեռուն գնացող հետևանքներ ունենալ: Ինձ համար նաև անհասկանալի է, թե ի՞նչ նկատի ունի վարչապետը, ասելով, որ Հայաստանը պետք է այդ բանակցություններում հանդես գա Հայաստանի անունից, իսկ Արցախի իշխանություններն` Արցախի: Ստացվում է, որ Հայաստանը բանակցություններում Արցախի մոտեցումներից անջատ, առանձին օրակարգ ունի: Գոնե մինչև այս պահը այդպես չի եղել:

Այնուհետև, վարչապետն ասել է, որ կա նոր մոտեցում. բանակցությունների հետագա ընթացքը պայմանավորված է դրանցում Արցախի մասնակցության հանգամանքով: Դա կարող է հնչել որպես նախապայման, այնինչ Հայաստանը միշտ հայտնի է եղել որպես նախապայմաններ չառաջադրող, գործնական և վստահելի բանակցող: Երևի թե վարչապետը նկատի ուներ մեկ այլ բան, որ առանց Արցախի մասնակցության վերջնական լուծման հանգել և որևէ նման լուծում իրականացնելն անհնարին է:

Բայց այդ դեպքում էլ պարզ չէ, թե ո՞րն է այդ մոտեցման նորությունը: Դա Հայաստանի մշտական մոտեցումն է եղել, Նախագահ Սարգսյանի բազմիցս արտահայտած կարծիքը: Ավելին, այն հստակորեն ստացել է Մինսկի խմբի համանախագահող երկրների լիարժեք սատարումը: Այս մոտեցումը որպես «նոր» ներկայացնելը կարող է հնարավորություն տալ այլ դերակատարներին վերանայել այս ակնհայտ ճշմարտության մասով իրենց դիրքորոշումը:

Վերջապես, ինձ հասկանալի չէ Արցախի միջազգային ճանաչման հարցի շուրջ վարչապետի դիրքորոշումը: Հայաստանի Հանրապետությունը միշտ սատարել է այն մոտեցմանը, որ կարգավիճակի միջազգային ճանաչումը պետք է հետևի կարգավորման գործընթացին, և հենվի կարգավորման տառի և ոգու վրա: Իհարկե, մենք միշտ ողջունել ենք ճանաչման հայտարարությունները, բանաձևերը, որպես Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի նկատմամբ հարգանքի դրսևորում, բայց ինքներս երբեք դրանք չենք նախաձեռնել: Նման մոտեցումը կարող է խոչընդոտել բանակցություններին:

Վերջապես, արված հայտարարությունների մեջ կան նաև բանակցային մանրամասներին իրազեկ չլինելու դրսևորումներ: Որպես օրինակ` պնդումն առ այն, որ Ղարաբաղում խաղաղապահների տեղակայման խնդիր երբևէ չի եղել: Իհարկե, խաղաղապահների տեղակայման հարցն արծարծված է նաև հանրայնորեն շրջանառված մի շարք նախագծերում, օրինակ` Մադրիդյան սկզբունքների փաստաթղթում:

Ակնհայտ է, որ արհեստավարժ թիմի շուտափույթ ձևավորումն իրոք կարևոր է` հնարավոր վտանգները շրջանցելու տեսանկյունից: Չէ՞ որ, ղարաբաղյան հիմնախնդիրն ու դրա խաղաղ կարգավորումը մեր թիվ մեկ մարտահրավերն է:

Մարիամ ՂԱԶԱՐՅԱՆ

 

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում