Արցախի հարցը ոչ թե տարածքային վեճ է, այլ պայքար ինքնորոշման եւ ազատության համար. Շարմազանովը՝ Շվեդիայի խորհրդարանի փոխխոսնակին

Արցախի հարցը ոչ թե տարածքային վեճ է, այլ պայքար ինքնորոշման եւ ազատության համար. Շարմազանովը՝ Շվեդիայի խորհրդարանի փոխխոսնակին

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, Times.am: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը մայիսի 14-ին հանդիպել է Շվեդիայի խորհրդարանի փոխխոսնակ Բյորն Սյոդերի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի հանրային կապերի վարչությունից, ԱԺ նախագահի տեղակալը կարեւորել է Շվեդիայի հետ բազմակողմ փոխշահավետ համագործակցության ընդլայնումը, միջխորհրդարանական շփումների ակտիվացումը: Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է պատգամավորական բարեկամական խմբերի գործունեությանը եւ միջխորհրդարանական հարթակներում պատվիրակությունների արդյունավետ փոխգործակցությանը:

Էդուարդ Շարմազանովը, բարձր գնահատելով Շվեդիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության դատապարտումը, նման ոճրագործությունների կանխարգելման հարցում կարեւորել է ցեղասպանությունների համընդհանուր ճանաչումն ու դատապարտումը: Նա առաջարկել է գործընկերներին քննարկել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին» կոնվենցիայի ընդունման 70-ամյակին նվիրված «Խորհրդարանականներն ընդդեմ ցեղասպանությունների» խորագրով ցուցահանդեսը Շվեդիայում անցկացնելու հնարավորության հարցը:

ՀՀ ԱԺ փոխնախագահը մտահոգիչ է համարել Թուրքիայի ժխտողական քաղաքականությունն ավելի քան մեկ դար անց եւ փաստել, որ այդ երկրի իշխանություններն ապակառուցողական քաղաքականություն են վարում նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում:

«Արցախի հարցը ոչ թե տարածքային վեճ է, այլ պայքար ինքնորոշման եւ ազատության համար»,-ընդգծել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաեւ երկկողմ հետաքրքրություն ունեցող այլ հարցերի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում