Էրդողանը Լոնդոնում խոսել է Հայաստանի մասին ու կրկնել անբարյացակամ հայտարարությունները

Էրդողանը Լոնդոնում խոսել է Հայաստանի մասին ու կրկնել անբարյացակամ հայտարարությունները

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով այս օրերին գտնվում է Մեծ Բրիտանիայում, Լոնդոնի Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում՝ Chatham House-ում հանդես է եկել լայնածավալ ելույթով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Միլլիեթ» պարբերականը, «Թուրքիայի տարածաշրջանային և գլոբալ տեսլականը» խորագրով ելույթում Էրդողանն անդրադարձել է նաև Հայաստանին՝ հերթական անգամ ի ցույց դնելով ոչ բարյացակամ դիրքորոշում հարևան երկրի նկատմամբ:

Մասնավորապես, Էրդողանը հայտարարել է, թե Թուրքիան աջակցում է Կովկասում և Մերձավոր Արևելքում տևական խաղաղության և բարօրության հաստատման բոլոր նախաձեռնություններին՝ հավելելով. «Այս պատկերից բացակայող միակ երկիրը Հայաստանն է: Սպասում ենք այն օրվան, երբ Հայաստանի ղեկավարության կողմից ողջամիտ մոտեցում կտեսնենք»:

Սա վերջին օրերին Հայաստանի մասին Թուրքիայի ղեկավարության կողմից արված երկրորդ նման հայտարարությունն է, որը գալիս է հերթական անգամ փաստելու, որ պաշտոնական Անկարան չի հրաժարվում Հայաստանի հետ նախապայմանների լեզվով խոսելու իր ավանդույթից:

Մայիսի 11-ին այդ երկրի վարչապետ Բինալի Յըլդըրըմն արձագանքել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ պաշտոնական Անկարայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին հայտարարությանը, սակայն, կրկնելով Անկարայի նախապայմանները: Մասնավորապես, նա հայտարարել էր, թե Թուրքիան պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունները վերանայել միայն այն դեպքում, եթե հայկական կողմը կատարի իրենց կողմից առաջարկված նախապայմանները և «փոխի տարիներ ի վեր Թուրքիայի հանդեպ ունեցած թշնամական դիրքորոշումը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում