Հույս ունեմ, որ նոր ներդրումներ են գալու Հայաստան ու հատկապես սփյուռքից. Փաշինյան

Հույս ունեմ, որ նոր ներդրումներ են գալու Հայաստան ու հատկապես սփյուռքից. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, Times.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ նախարար Սուրեն Պապիկյանին:

Վարչապետը նշեց, որ մեծապես կարևորում է տարածքային համաչափ զարգացման խնդիրը, և դրա իրագործման համար նոր իրավիճակում նոր հնարավորություններ է տեսնում: «Հույս ունեմ, որ նոր ներդրումներ են գալու Հայաստան ու հատկապես սփյուռքից: Դա կնպաստի նաև տարածքային զարգացմանը: Հույս ունեմ, որ քաղաքական նոր իրավիճակում փիլիսոփայությունը կփոխվի, մարդիկ ավելի շատ կմտածեն մարզերում աշխատատեղեր ստեղծելու ուղղությամբ»,- ասաց Փաշինյանը:

Նա նկատեց, որ երկրում չմշակվող հողերի հսկայական ծավալ կա, դրանց մեծ մասը անջրդի են: Պետք է կարողանալ ոռոգման ջուրը դարձնել այնքան հասանելի, որքան էլեկտրականությունը: «Տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքի արդյունավետության վրա պետք է աշխատենք: Խոշորացման հետ կապված. մենք պետք է կարողանանք ապրեցնել գյուղերը, ոչ միայն կանգնեցնել գյուղերի դանդաղ հանգչելու գործընթացը, այլ պետք է այդ անիվը հետ պտտել: Խնդիր ձևակերպենք մեր գյուղերի համար, գյուղը պետք է ապացուցի, որ խոշորացման կարիք չունի, գյուղում տնտեսական ռեալ կյանք կա: Սրանք ռեալ խնդիրներ են, որոնց ուղղությամբ մենք պետք է աշխատենք»,-ասաց վարչապետը:

Նորանշանակ նախարար Պապիկյանը նշեց, որ հանդիպումներ է ունեցել ոլորտային պատասխանատուների հետ: «Պատրաստակամ ենք ձեր բարձրացրած հարցերի ուղղությամբ աշխատելու»,-ասաց նա:

Պապիկյանը շեշտեց, որ պետք է նպաստել ներքին ժողովրդավարության կայացմանը: Նիկոլ Փաշինյանն էլ նկատեց, որ հանրությունը պետք է մասնակից լինի կառավարման գործընթացներին, իսկ բարեփոխումները պետք է աջակցություն ստանան հանրության կողմից, որպեսզի արդյունավետ լինեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում