Երևանի 2800-ամյակի այգում հատված ծառերը չոր և ծերացած էին. Մարիա Բարաղամյանը պարզաբանել է

Երևանի 2800-ամյակի այգում հատված ծառերը չոր և ծերացած էին. Մարիա Բարաղամյանը պարզաբանել է

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, Times.am: Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը Երևանի 2800-ամյակի այգու շինաշխատանքների վերաբերյալ պարզաբանում է ներկայացրել: Բարաղամյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ մայրաքաղաքի Իտալիայի և Բեյրութի փողոցների միջնամասում գտնվող այգում իրականացվող հիմնանորոգման աշխատանքների շրջանակում, մասնագիտական համապատասխան եզրակացությամբ, հատվել են չոր և ծերացած ծառեր:

«Քիչ առաջ համացանցում տարածվեց լուսանկար, որում պատկերված է Երևանի 2800-ամյակի այգու շինաշխատանքների հրապարակը: Բարեկարգման աշխատանքների շրջանակում նախատեսված է այգին համալրել քառապատիկ ավել քանակությամբ նոր ու բարձրարժեք ծառերով, որոնք համահունչ են լինելու բարեկարգվող այգուն»,-գրել է նա:

Քաղաքապետի օգնականը հիշեցրել է նաև, որ դեռևս նախորդ տարվա դեկտեմբերին, Երևանի ավագանու որոշմամբ, հավանություն է տրվել Երևան քաղաքի Ա. Մյասնիկյանի արձանի հետնամասում գտնվող Իտալիայի, Բեյրութի, Խորենացու և Գ. Լուսավորչի փողոցների սահմաններով պարփակված այգին «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի կողմից բարեկարգելու առաջարկին, որը կնվիրվի Երևան քաղաքի հիմնադրման 2800-ամյակին:

Բացի այգու հիմնանորոգման աշխատանքներից, «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամը պատրաստակամություն է հայտնել նաև հետագա տարիներին իր միջոցների հաշվին իրականացնել այգու շատրվանների ինժեներական և տեխնիկական սպասարկումը, սարք-սարքավորումների խոտանման դեպքում՝ դրանց վերականգնումը, փոխարինումը նորով, վնասված սալերի փոխարինումը և վերանորոգումը, ինչպես նաև կանաչ գոտիների խնամքն ու սպասարկումը:

«Վարդանյան ընտանիք»-ի հետ ձեռքբերված պայմանավորվածության համաձայն այգում կարգելվի որևէ առևտրային գործունեության իրականացումը: «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամը պարտավորվել է շինարարական և բարեկարգման աշխատանքներն ավարտել 2018 թվականի սեպտեմբերին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում