«Ժողովուրդ». Փոփոխությունների հերթը մարզպետներինն է

«Ժողովուրդ». Փոփոխությունների հերթը մարզպետներինն է

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով, առաջիկայում փոփոխությունների և պաշտոնանկությունների ալիքը հասնելու է նաև մարզպետներին: Այս օրերին քննարկումներ են ընթանում «Ելք», «Ծառուկյան» դաշինքների և ՀՅԴ-ի միջև, թե ինչպես պետք է բաշխվեն պորտֆելները: ՀՅԴ-ին կրկին երկու մարզպետների պորտֆել կտրվի և կրկին նույն՝ Շիրակի ու Արագածոտնի մարզերում: Վերջինում, մեր տեղեկություններով, կրկին նշանակվելու է նախկին մարզպետ Աշոտ Սիմոնյանը:

ԲՀԿ-ն կրկին ավելի շատ ներկայացվածություն կունենա, քան ՀՅԴ-ն: Այս պահին հստակ է, որ ԲՀԿ-ին կտրվեն Գեղարքունիքի և Արմավիրի մարզերը: Որպես Արմավիրի մարզպետ՝ քննարկվում է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արայիկ Աղաբաբյանի անունը: «Ելք» դաշինքի անդամ «Հանրապետություն» կուսակցությանը կտրվեն Արարատի և Վայոց ձորի մարզերը, Լոռու մարզպետ կդառնա Էդմոն Մարուքյանի եղբայրը՝ Վանաձորի ավագանու անդամ Քրիստ Մարուքյանը:

Իսկ Կոտայքի մարզպետ կդառնա ՔՊ վարչության նախագահ, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը: Կոտայքի մարզպետն այժմ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի փեսան է՝ Կարապետ Գուլոյանը, ում համար այս օրերին մտածում են՝ ինչ պաշտոն առաջարկել»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում