Թուրքիան և Իսրայելը հետ են ուղարկել իրենց երկրներում միմյանց դեսպաններին

Թուրքիան և Իսրայելը հետ են ուղարկել իրենց երկրներում միմյանց դեսպաններին

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական Անկարան որոշում է կայացրել հետ ուղարկել երկրում Իսրայելի դեսպանին և գլխավոր հյուպատոսին: Պատճառը Գազայի հատվածում Իսրայելի բանակի ու պաղեստինցիների միջև տեղի ունեցած բախումն է, որը խլել է ավելի քան 60 պաղեստինցու կյանք: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Իսրայելի դեսպան Էյթան Նաէհը մայիսի 15-ին կանչվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան հայտնել են, թե ճիշտ կլինի միառժամանակ վերադառնա իր երկիր: Պաշտոնական Անկարայի կողմից նման քայլի գնալուց հետո Իսրայելի ԱԳՆ է կանչվել Երուսաղեմում Թուրքիայի դեսպան Հյուսնու Գյուրջանը: Նրանից պահանջել են «որոշ ժամանակով բանակցությունների համար» վերադառնալ Թուրքիա:

Այս քայլերից հետո մայիսի 16-ի առավոտյան պարզ է դարձել, որ Թուրքիայի ԱԳՆ-ն Իսրայելի գլխավոր հյուպատոսից ևս պահանջել է վերադառնալ իր երկիր:

Հիշեցնենք, որ նախօրեին Թուրքիան խորհրդակցությունների համար հետ էր կանչել Իսրայելում և Միացյալ Նահանգներում իր դեսպաններին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում