«Սասնա ծռերի» գործը հասկանալիորեն մի փոքր այլ է. Նիկոլ Փաշինյան

«Սասնա ծռերի» գործը հասկանալիորեն մի փոքր այլ է. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, Times.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղբանտարկյալների խնդրի հետ կապված կոչ է արել գործերը տարանջատել՝ քաղաքականության հետ առնչվող գործեր, որտեղ չկան զոհեր, և գործեր, որտեղ կան զոհեր: Մասնավորապես, խոսքը վերաբերում է «Սասնա ծռերի» գործին: Այս մասին նա խոսել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում ուղիղ միացման ժամանակ:

«Այն գործերը, որտեղ մենք զոհեր չունենք, այդտեղ հարցեր չկան և շատ հեշտ այդ մարդիկ պետք է դուրս գան բանտերից՝ օրենքով սահմանված գործիքի կիրառմամբ: Եթե մարդու դատավճիռն ուժի մեջ է մտել, որոշակի ժամկետով դատապարտվել է ազատազրկման, ապա պետք է նայենք, թե արդյոք նրա պայմանական վաղաժամկետ ազատելու ժամանակը լրացել է, և տեսնենք, թե ինչ օրինական ճանապարհներ կան, որ այդ խնդիր լուծենք: Եթե նման հնարավորություն չկա մտածենք համաներմամբ ազատ արձակելու մասին: Եթե պարզվի, որ այդ գործիքն էլ հնարավոր չէ կիրառել, ապա պետք է կիրառել ներման ինստիտուտը»,-ասաց նա:

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ նախաքննության փուլում գտնվող գործերի դեպքում պետք է փորձել հասկանալ, թե օրինական ինչ միջամտություն կարող լինել, որպեսզի այդ հարցը լուծվի: «Ես հույս ունեմ, որ որևէ քաղաքացի չի ակնկալում, որ ես պետք է մտնեմ բանտերը դռները բացեմ, ասեմ՝ տղե՛րք, դուրս եկեք: Դա ճիշտ ճանապարհ չէ: «Սասնա ծռերի» գործը հասկանալիորեն մի փոքր այլ է, և ես ինձ հաշիվ եմ տալիս, որ այս գործի հանգուցալուծումը կարևոր է Հայաստանում համերաշխության մթնոլորտի համար: Այս խնդրի վերաբերյալ տարբեր ֆորմատներով հանրային քննարկում կունենանք, դեպքերի ժամանակ սպանված ոստիկանների հարազատներին կհրավիրենք, կզրուցենք, նրանց նույնպես կլսենք, ամբողջ ինֆորմացիան ի մի բերենք, հասկանանք, թե ոնց ենք լուծում: Ես չեմ խոսում այն տարբերակի մասին, որ ասեմ այս խնդիրը չպետք է լուծենք, պետք է ճշգրիտ գնահատենք իրավիճակը, հասկանանք՝ ինչպես ենք լուծում և ինչ ծավալներով: Նուրբ խնդիր է, պետք է լուծել բացառապես իրավական ճանապարհով, որը որոշակի ընթացակարգ ու ժամանակ է ենթադրում»,-ասաց նա:

«Որպես վարչապետի թեկնածու ԱԺ իմ ելույթի ժամանակ խոսել եմ քաղբանտարկյալների մասին՝ ասելով որ այդ խնդրին պետք է լուծում տրվի՝ ազատվելով քաղբանտարկյալ ունեցող խարանից: Շատերը պատկերացնում են, որ այդ հայտարարությունից հետո պետք է գնանք և բանտախցերի դռները բացենք ու մեր քաղբանտարկյալներին ասենք՝ ժողովուրդ ջան դուրս եկեք: Դա ճիշտ և օրինական ճանապարհ չէ: Մենք քաղբանտարկյալների խնդիրը պետք է լուծենք օրենքով նախատեսված գործիքների միջոցով»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում