Ռոբերտ Մակարյանն անդրադարձավ կաթի գնի հետ կապված դժգոհություններին

Ռոբերտ Մակարյանն անդրադարձավ կաթի գնի հետ կապված դժգոհություններին

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանն անդրադարձել է կաթի մթերման գներից գյուղացիների դժգոհություններին: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում փոխնախարարն ընդգծեց, որ գյուղացիների դժգոհության հիմնական պատճառը կաթի մթերման գների տատանումներն են: Նա հայտնեց, որ այս պահին կաթի մթերման գները տատանվում են 140-180 դրամի սահմաններում, մինչդեռ ձմռան սեզոնին եղել է 190-220 դրամի սահմաններում:

«Հիմա գյուղացուն կաթի մթերման դիմաց տրվող գումարը մեկ լիտրի համար 140 դրամն է: Եղել են տեղեր, որ 180 դրամով են մթերել: Սակայն, պայմանավորվածության համաձայն, ձևավորված հիմնական գինը 140 դրամն է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Մակարյանը:

Նա հիշեցրեց, որ կաթ արտադրողների, կաթի մթերման գներից դժգոհող գյուղացիների մասնակցությամբ մայիսի 11-ին խորհրդակցություն է անցկացվել գյուղատնտեսության նախարարի մոտ, որից հետո խորհրդակցություն է եղել նաև առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի մոտ: Մակարյանն ընդգծեց, որ այդ խորհրդակցություններից հետո կաթնամթերք արտադրողների միությունը հայտարարություն տարածեց, որ կաթի գները չեն նվազելու:

Հետևեք մեզ նաև Telegram-ում