Կամո Արեյանը քաղաքապետարանի շենք ներխուժած ակտիվիստներին առաջարկեց Տարոն Մարգարյանի հետ հանդիպել մեծ դահլիճում

Կամո Արեյանը քաղաքապետարանի շենք ներխուժած ակտիվիստներին առաջարկեց Տարոն Մարգարյանի հետ հանդիպել մեծ դահլիճում

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, Times.am: Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը մայրաքաղաքի 2800-ամյակին նվիրված այգում ծառերի հատման դեմ բողոքող ակտիվիստներին կոչ արեց լքել քաղաքապետարանի շենքը, քննարկում կազմակերպել մեծ դահլիճում, որին մասնակից կլինի նաև Տարոն Մարգարյանը: Քաղաքապետարանի շենք ներխուժած ակտիվիստներին մինչ այդ նույն առաջարկն արել էր նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը, սակայն ակտիվիստները մերժեցին այդ առաջարկը:

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը մոտեցավ և զրուցեց ակտիվիստներից մեկի հետ` ընդգծելով, որ իրենք անտարբեր չեն քաղաքացիների բարձրացրած խնդիրների նկատմամբ, սակայն ցանկություն հայտնեց, որպեսզի երկխոսությունը կայանա ավելի քաղաքակիրթ պայմաններում: «Ես շատ կցանկանայի, որ այս երկխոսությունը կայանար հանգիստ մթնոլորտում, մեծ դահլիճում: Նստեք, ձեր հարցադրումները արեք, քաղաքապետն էլ գա հանգիստ մթնոլորտում պատասխանի ձեր հարցերին: Սա է մեր խնդրանքը: Մենք անտարբեր չենք ձեր հանդեպ, այս երևույթի հանդեպ, քաղաքացին ունի պահանջ, նստենք քաղաքակիրթ ձևով լսենք իրար»,- ասաց Արեյանը:

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը ևս մեկ անգամ վստահեցրեց, որ Տարոն Մարգարյանը և քաղաքապետարանի շենքում որևէ մեկն անտարբեր չէ այն հարցերի նկատմամբ, որ բարձրացնում են քաղաքացիները:

Կամո Արեյանի հետ զրուցող ակտիվիստն ընդգծեց, որ քաղաքապետարանի շենք մտած անձինք ինքնաբուխ են հավաքվել, յուրաքանչյուրը իր դիրքորոշումն ունի, ուստի ինքը միանձնյա որոշում չի կարող կայացնել: Նա խոստացավ առաջարկը քննարկել և տեղյակ պահել հետագա քայլերի մասին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում