Կոռուպցիայի դեմ պայքարի գործնական արդյունքները պետք է տեսանելի լինեն հասարակությանը. Արտակ Զեյնալյան

Կոռուպցիայի դեմ պայքարի գործնական արդյունքները պետք է տեսանելի լինեն հասարակությանը. Արտակ Զեյնալյան

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, Times.am: ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթին: Այս մասին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախարարը կարևորել է Միացյալ Թագավորության հետ փոխգործակցությունը և նշել, որ Հայաստանում վերջերս տեղի ունեցած իրողությունները համախմբված և համաձայնեցված հունով աշխատելու պատրաստակամություն են առաջացրել:

Դեսպանը շնորհավորել է Արտակ Զեյնալյանին նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, բարձր գնահատել Արդարադատության նախարարության հետ ստեղծված հարաբերությունների մակարդակը և ՄԹ կառավարության կողմից վերահաստատել է Հայաստանի արդյունավետ կառավարմանն ուղղված աջակցությունը:

Նախարար Զեյնալյանն իր հերթին հավաստիացրել է, որ Միացյալ Թագավարության հետ նախանշված ծրագրերն իրականացվելու են՝ տեղի ունեցած նոր փոփոխությունների լույսի ներքո: «Անելու ենք առավելագույնը, որպեսզի ոչ միայն գործնականում բացառենք կոռուպցիան, այլ որ հասարակության համար ակնհայտ լինեն հակակոռուպցիոն պայքարի արդյունքները »,- ընդգծել է նախարարը:

Արտակ Զեյնալյանը դեսպանի հետ զրույցում հաստատել է նաև արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Ընտրական օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու վճռականությունը: Նախարարի խոսքով, պետք է պահպանել և զարգացնել ընտրական գործընթացում ձեռքբերված հաջողությունը և բացառել ընտրակաշառքը՝ որպես կամքի ձևավորման միջոց: «Պետք է վերաիմաստավորենք նաև դիտորդների մասնակցությունը ընտրությունների գործընթացում՝ ապահովելով վերջիններիս անաչառությունն ու նպատակային մասնակցությունը այս գործընթացում»,- նշել է նախարարը՝ միաժամանակ հավելելով, որ բողոքարկման պրոցեսներն ընտրական գործընթացներում շատ անարդյունավետ են և փոփոխություններն ուղղված են լինելու նաև այդ բացը լրացնելուն:

Հանդիպման ընթացքում արդարադատության նախարարն անդրադարձել է նաև դատական համակարգի խնդիրներին, Պրոբացիայի պետական ծառայության կարողությունների զարգացմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, հանրային ծառայությունները քաղաքացուն ավելի հասանելի դարձնելուն ուղղված աշխատանքին:

Հանդիպման ավարտին կողմերը համագործակցելու, փոխգործակցության ոլորտները նախանշելու և դրանց բարելավման ուղղությամբ գործուն քայլեր ձեռնարկելու պայմանավորվածություն են ձեռք բերել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում