Իսրայելի հետախուզության նախարարը Հայոց ցեղասպանությունը չճանաչելու որևէ պատճառ չի տեսնում

Իսրայելի հետախուզության նախարարը Հայոց ցեղասպանությունը չճանաչելու որևէ պատճառ չի տեսնում

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, Times.am: Իսրայելի հետախուզության նախարար Իսրայել Կացը բարոյական և պատմական ոչ մի պատճառ չի տեսնում, որպեսզի Իսրայելը չճանաչի Հայոց ցեղասպանությունը: Ինչպես հաղորդում է ynetnews.com-ը, Կացն ընդգծել է, որ կառավարությունը պետք է աջակցի 20-րդ դարի սկզբին Օսմանյան Կայսրությունում 1.5 միլիոն հայերի կոտորածը որպես ցեղասպանություն ճանաչելու և դատապարտելու մասին օրինագծին:

Իսրայել Կացը նաև քննադատել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին` ընդգծելով, որ նա վերջին մարդն է, ով կարող է իրենց դասեր տալ, բայց առաջինն է դա անում:

Նա կոչ է արել աջակցել Կնեսետի պատգամավորներ Իցիկ Շմուլիի և Ամիր Օհանայի ներկայացրած նախագծին, որով կոչ են անում պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը, որին զոհ է գնացել 1.5 միլիոն հայ: Իսրայել Կացը նաև քննադատել է Թուրքիայի նախագահին` ընդգծելով, որ նա ատում է Իսրայելը: «Նա «Մուսուլման եղբայրների» և ՀԱՄԱՍ շարժման մարդն է, և հենց Գազայում ինչ-որ բան է տեղի ունենում, նա սկսում է աշխատել ու դա անում է շատ ծայրահեղ կերպով»,- ասել է Կացը:

Գազայի հատվածում տեղի ունեցած դեպքերից հետո Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերությունների լարման ֆոնին կրկին Կնեսետի օրակարգում է հայտնվում Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծի ընդունման հարցը: Կնեսետի պատգամավորներ Իցիկ Շմուլին և Ամիր Օհանան հայտարարել են, որ ներկայացնելու են Օսմանյան կայսրությունում շուրջ 1.5 մլն հայերի սպանությունը որպես ցեղասպանություն ճանաչող օրինագիծ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում