Հայաստանի նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունը, մարդու իրավունքների երաշխավորումն ու ապահովումն է. Արտակ Զեյնալյան

Հայաստանի նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունը, մարդու իրավունքների երաշխավորումն ու ապահովումն է. Արտակ Զեյնալյան

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, Times.am: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը մայիսի 16-ին մասնակցել է Հայաստանում առաջին անգամ կազմակերպվող Մարդու իրավունքների համաշխարհային հռչակագրի ընդունման 70- ամյակին նվիրված փառատոնի բացման պաշտոնական արարողությանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից

«Հոդված 3 իրավունքի փառատոնը», որն այս տարի կրում է «Երիտասարդ, արի՛ սովորենք» խորագիրը կազմակերպվել էր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի և Հայաստանում ԵՄ պատվիրակության հետ համագործակցությամբ:

Նախարար Արտակ Զեյնալյանը շնորհակալություն է հայտնել «Հոդված 3» ակումբի հիմնադիրներին և նշել, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում իր ամենասիրած հոդվածը հենց երրորդն է, որտեղ ամրագրված է, որ մարդը բարձագույն արժեք է, որ Հայաստանի Հանրապետությունն ապահովում ու պաշտպանում է մարդու իրավունքները, և որ հանրային իշխանությունը սահմանափակված է անմիջականորեն գործող իրավունքով: Նախարարի խոսքով, Հայաստանի Հանրապետության բովանդակությունը, իմաստը, նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունը, մարդու իրավունքների երաշխավորումն ու ապահովումն է: «Երբ ասում ենք բարձրագույն արժեք, պետք է գիտակցենք, որ դրան հավասար ոչինչ չկա, չի կարող հավասարության մեջ դրվել որևէ այլ համակարգ, այլ արժեք»,- ընդգծել է Արտակ Զեյնալյանը՝ վստահեցնելով, որ այսօրվա Կառավարությունը կոչված է իրականացնելու Սահմանադրության մեջ Հայաստանի ժողովրդի կողմից ներառված այդ առաջադրանքը: Նախարարի խոսքով, նոր Կառավարությունը խնդիր է դրել, որպեսզի համաժողովրդական պայքարի արդյունքում արձանագրված բոլոր հարցերը ներառվեն Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության ծրագրում և լուծվեն:

Փառատոնի բացման արարողությանը ներկա են եղել նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, ՄԱԿ-ի մշտական համակարգող և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփը, այլք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում