Նիկոլ Փաշինյանը խոստանում է կառավարության առջև տնտեսական աճի բարձր ցսւցանիշ դնել

Նիկոլ Փաշինյանը խոստանում է կառավարության առջև տնտեսական աճի բարձր ցսւցանիշ դնել

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծում է, որ նոր ձևավորված կառավարության առջև տնտեսական աճի բարձր ցուցանիշի ապահովում է դրվելու: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Փաշինյանն ընդգծեց, որ տնտեսության առաջընթացի շուրջ լավատեսական սպասումներ կան, և իրենք ամեն ինչ պետք է անեն այդ սպասումները իրականություն դարձնելու համար: «Մենք ունեցել ենք մենաշնորհային տնտեսություն, որտեղ տնտեսական գործունեության հնարավորությունները սահմանափակված են եղել: Հիմա մենք արագ այդ հնարավորությունները կընդլայնենք, որպեսզի մարդիկ ներդրումների ձևով արձագանքեն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ընդգծեց վարչապետը:

Վարչապետն ասաց, որ կառավարությունն արդեն սկսել է Ընտրական օրենսգրքում փոփոխություններ իրականացնելու աշխատանքները. առաջիկայում կմեկնարկի նաև փոփոխությունները կյանքի կոչելու գործընթացը: «Օրակարգում միայն ռեյտինգային ընտրակարգը վերացնելու հարցը չէ: Կքննարկենք, քաղաքական քննարկումների արդյունքում որոշում կկայացնենք»,– ասաց Փաշինյանը:

Անդրադառնալով խոսակցություններին, թե վերջին օրերին հանրապետության տարածքում ընթացող ցտարբեր ցույցերը սաբոտաժ են` Փաշինյանն ընդգծեց, որ սաբոտաժի ոչ մի տարր չի տեսնում և նման բան չի կարող լինել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում