Արցախը եղել է և լինելու է մեր դիվանագիտական ճակատի առաջնահերթությունների շարքում. Զոհրաբ Մնացականյան

Արցախը եղել է և լինելու է մեր դիվանագիտական ճակատի առաջնահերթությունների շարքում. Զոհրաբ Մնացականյան

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, Tert.am: ՀՀ նորանշանակ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը երեկ՝ մայիսի 18-ին, այցելել է Արցախի Հանրապետություն և հանդիպում ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ: Հանդիպմանը, որին մասնակցել է նաև Արցախի Հանրապետության արտգործնախարար Մասիս Մայիլյանը, քննարկվել են արտաքին քաղաքականությանը և այդ ոլորտում հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Հանդիպումից հետո Զոհրաբ Մնացականյանը պատասխանել է լրագրողների հարցերին:

– Պարոն նախարար, սա, փաստորեն, Ձեր առաջին պաշտոնական այցն է և առաջին պաշտոնական հանդիպումը Հանրապետության նախագահի հետ: Հետաքրքիր է՝ ի՞նչ եք քննարկել, ինչի՞ շուրջ եք խոսել:

– Մենք խոսել ենք սկզբունքների մասին, խոսել ենք այն մասին, թե ինչ նշանակություն ունի Արցախը Հայաստանի համար, խոսել ենք Արցախի անվտանգության, Արցախի զարգացման մասին:

 Խոսել ենք նաև այն մասին, որ Արցախը վերաբերում է ողջ հայությանը, որովհետև մեր ինքնության այս շրջանի պատմության կարևորագույն սյուներից Արցախն ամենակարևորն է: Եվ այդ առումով սա մեր միասնական պատասխանատվությունն է:

Ցանկացած մարդ, ով գտնվում է Արցախում, զգում է, որ այս շրջանում մարդիկ ապրում են յուրահատուկ պայմաններում, և դա չզգալը, անընդունելի է, անկարելի:

Յուրահատուկ պայմաններ են այն առումով, որ կա վտանգ, կա հակառակորդ, կա ֆիզիկական անվտանգության հարց: Եվ մեր համախմբվածությունը և մեր միասնական ուժը վերաբերում է բոլորիս: Սա բոլորիս հարցն է: Այդ առումով է, որ չափազանց կարևոր է լինել այստեղ, զգալ այդ ոգին, այդ պատասխանատվությունը և կրել այդ պատասխանատվությունը:

-Ուրեմն դիվանագիտական ճակատում առաջնահերթությունների շարքում լինելու է Արցա՞խը:

-Եղել է, կա և մնում է: Լինելու է մինչև այն պահը, մինչև որ վստահ չլինենք, ինչպես որ ասացի, որ Արցախի անվտանգությունը, Արցախի զարգացումն ընթանում է իր բնականոն ուղիով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում