Թորոսյան. Այսուհետ ֆեյսբուքում գրառումներ կատարելիս ելեք այն կանխավարկածից, որ վաղը նախարար եք դառնալու

Թորոսյան. Այսուհետ ֆեյսբուքում գրառումներ կատարելիս ելեք այն կանխավարկածից, որ վաղը նախարար եք դառնալու

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, panorama.am: «Ես կոչ եմ անում բոլորին, որ այսուհետ ֆեյսբուք սոցիալական ցանցում գրառումներ կատարելիս ելնել այն կանխավարկածից, որ իրենք վաղը նախարար են դառնալու»,- այս մասին «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն՝ անդրադառնալով նախկինում սոցցանցերում արված իր մի շարք հայտարարություններին, որոնք քննադատությունների են արժանացել հատկապես իր նախարար նշանակվելուց հետո:

Նշենք, որ նորանշանակ նախարարի ֆեյսբուքյան էջի գրառումները և տարբեր հարթակներում հնչեցրած հայտարարությունները տարաբնույթ մեկնաբանությունների առիթ են դարձել:

Մասնավորապես, ֆեյսբուքյան որոշ օգտատերեր նրա գրառումները սքրինշոթերի տեսքով այսօր տարածում են, որոնցում Արսեն Թորոսյանը վիրավորել է այն ծնողներին, որոնք, օրինակ, դեմ են պատվաստումներին:

Նախարարը նշեց, որ ուզում է մեկ անգամ ևս շեշտել՝ ինքը դա ասել է երեխաների, կանանց կյանքեր փրկելու համատեքստում. «Այո, կոնկրետ օգտատերերի ասվել է սուր, երբեմն կոպիտ, որի համար ներողություն եմ խնդրել, եթե որևէ մեկը վիրավորվել է դրանից»:

Նրա խոսքով՝ իր գործունեության ընթացքում այսուհետ չի առաջնորդվելու միայն իր անձնական դիրքորոշումներով, չնայած, ըստ նրա, դրանք հիմնականում օբյեկտիվ են:

«Ամեն դեպքում՝ որպես գերատեսչության ղեկավար, քաղաքականություն մշակող մարմնի ղեկավար, իմ խնդիրը լինելու է ՀՀ ազգաբնակչության առողջության պահպանումը: Մեր առաքելությունը միայն դա է լինելու»,- նշեց առողջապահության նախարարը:

Հարցին, թե որպես առողջապահության փորձագետ հաճախ է քննադատել ոլորտում առկա խնդիրները, նախարարի պաշտոնում ինչքանո՞վ դա կօգնի իրեն աշխատել, Արսեն Թորոսյանն ասաց, որ ինքն արդեն վեր հանված խնդիրները նորից բարձրաձայնել է՝ շեշտելու համար, որ դրանք կան և պետք է լուծվեն:

Օգտատերերից մեկը նախարարից հետաքրքվել էր՝ արդյոք պատվաստումները կդարձնեն պարտադիր, Արսեն Թորոսյանը պատասխանեց. «Աշխարհում չկա որևէ երկիր, որտեղ պատվաստումները պարտադիր են և չի կարող լինել ապրիորի: Դա մարդու ազատ գործելու իրավունք է, սակայն կան երկրներ որտեղ պատվաստումների ցածր ծածկույթի պատճառով կան ինֆեկցիաների բռնկումներ: Այդ երկրների կառավարությունները կոշտ միջոցառումներ են իրականացնում, որպեսզի պատվաստումների ծածկույթը մեծանա: Օրինակ՝ Ֆրանսիայում ծնողներին տուգանում են երեխաներին չպատվաստելու համար, Իտալիայում պատվաստում չանցնելու դեպքում երեխաներին թույլ չեն տալիս մանկապարտեզ կամ դպրոց հաճախել: Կարող եմ ասել, որ մեզ մոտ իրավիճակը շատ լավ է, և մենք նման միջոցառումներ անցկացնելու կարիք չունենք: Հուսով եմ, որ այսուհետ էլ կարիք չենք ունենա՝ շնորհիվ թե առաջնային օղակի բուժաշխատողների, թե ծնողների ողջախոհության»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում