ՀՀ իշխանության որևէ ներկայացուցիչ հրահանգ չի տալու դատարաններին այս կամ այն որոշում կայացնելու հարցում. Փաշինյան

ՀՀ իշխանության որևէ ներկայացուցիչ հրահանգ չի տալու դատարաններին այս կամ այն որոշում կայացնելու հարցում. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, Times.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ խոսել է դատական համակարգի խնդիրների մասին և ներկայացրել դրանց լուծման ուղիները: Նիկոլ Փաշինյանը ընդգծել է, որ ՀՀ իշխանության որևէ ներկայացուցիչ հրահանգ չի տալու դատարաններին այս կամ այն որոշումը կայացնելու հարցում:

«Դա ինձ համար կարմիր գիծ է, և չեմ կարող թույլ տալ, որ մեր իշխանության որևէ ներկայացուցիչ հատի այդ կարմիր գիծը, որովհետև անկախ դատական համակարգ ունենալու համար պետք է ապահովել երկու բան` առաջինը հնարավորություն տալ դատավորներին իրենց լիազորությունների շրջանակներում կայացնել որոշումներ և երկրորդ` փակենք նրանց կողմից կաշառքով հարցեր լուծելու բոլոր ճանապարհները»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը հուսով է, որ հասարակությունը կպաշտպանի այդ մոտեցումը:

Նրա խոսքով` ներկայումս օրենսդրությամբ ՀՀ դատավորները գործունեության որոշակի երաշխիքներ ունեն և նրանք պետք այդ երաշխիքներից օգտվեն` ցանկացած գործով կայացնեն օբյեկտիվ դատավճիռ՝ հիմք ընդունելով իրենց ձեռքի տակ եղած ապացույցները:

«Ես ուզում եմ հստակ արձանագրել, որ Հայաստանում որևէ մեկը իրավունք չունի դատական համակարգի գործերին միջամտել, նույնիսկ դատական համակարգի ներսի մարդիկ և դատավորները, եթե իրենք իրենց վրա վերցրել են պատասխանատվություն ստանձնելու այդ պաշտոնը, ուրեմն պետք է վերցնեն պատասխանատվություն կայացնելու վճիռներ»,-ասաց Փաշինյանը՝ նաև անդրադառնալով կալանքը որպես խափանման միջոց կիրառելու պրակտիկային: Նրա կարծիքով` այն դեպքերում, երբ արդարացված չէ կալանավորումը պետք է անձանց կալանքից ազատել:

«Պետք է խուսափել այն վիճակից, երբ կալանավայրերում լեփ-լեցուն է և որտեղ կալանավորները հերթով են քնում: Սրանք ուղղակի խոշտանգման երևույթներ են, և ուզում եմ հստակ ուշադրություն դարձնել այս խնդրի վրա: Ես պաշտպանում եմ Արդարադատության նախարարի դիրքորոշումը. այն է՝ կալանավորների թիվը չպետք է գերազանցի կալանավայրերում քնելու տեղերին»,- ընդգծեց Փաշինյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում