Հայ պատգամավոր Սելինա Դողանը չի լինի Թուրքիայի հաջորդ գումարման խորհրդարանում

Հայ պատգամավոր Սելինա Դողանը չի լինի Թուրքիայի հաջորդ գումարման խորհրդարանում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, Times.am: Թուրքիայի ընդդիմադիր, քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության հայ պատգամավոր Սելինա Դողանը չի լինի հաջորդ գումարման խորհրդարանում: Քեմալական կուսակցությունը մայիսի 20-ին հստակեցրել է խորհրդարանական ընտրություններում առաջադրվելիք պատգամավորների ցուցակը:

Մամուլում տեղ գտած ցուցակում բացակայում է պոլսահայ իրավաբան Սելինա Դողանի անունը: 2015 թվականի նոյեմբերի խորհրդարանական ընտրություններում նա առաջադրվել էր Ստամբուլի երկրորդ ընտրատեղամասում: Ընդ որում, Դողանն իր կուսակցության թեկնածուների ցուցակի առաջին տեղում էր:

Հունիսի 24-ի ընտրությունների հրապարակված ցուցակում Ստամբուլի երկրորդ ընտրատեղամասի թեկնածուների ցուցակի առաջին տեղը զբաղեցնում է Էնիս Բերբերօղլուն: Դողանն ընդգրկված չէ մյուս ընտրատեղամասերում ևս:

Թուրքիայի խորհրդարանական ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերը պետք է ամենաուշը մայիսի 21-ին բարձրագույն ընտրական խորհրդին ներկայացնեն իրենց թեկնածուների ցուցակները:

Թուրքիայում հունիսի 24-ին տեղի կունենան արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններ: Ընտրություններից հետո երկրում կառավարման խորհրդարանական համակարգից անցում կկատարվի նախագահական համակարգի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում