Մի խումբ քաղաքացիներ պահանջում են ՀՀ գլխավոր դատախազի հրաժարականը

Մի խումբ քաղաքացիներ պահանջում են ՀՀ գլխավոր դատախազի հրաժարականը

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, Times.am: ՀՀ գլխավոր դատախազության մոտ Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի աջակիցները բողոքի ակցիա են անցկացնում: Շրջապատելով շենքը, արգելափակելով մուտքերը, պառկելով դռների և դարպասների դիմաց՝ նրանք պահանջում են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրաժարականը: Ակցիայի մասնակիցները նշում են, որ ՀՀ վարչապետը հայտարարել է, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չպետք է լինեն, և ըստ նրանց՝ քանի դեռ դատախազը հրաժարական չի տվել, այս կառույցը չի կարող աշխատել ի շահ ժողովրդի:

Դատախազության աշխատակիցները, որոնք չէին կարողանում մուտք գործել շենք, պնդում էին, որ ցուցարարները չեն կարող ոտնահարել և սահմանափակել այլոց իրավունքները: Դատախազության աշխատակիցները պահանջում էին վերականգնել իրենց աշխատանքի իրավունքը:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ իր տեսակետը ներկայացնում է կոնկրետ վարույթում առկա նյութերի հիման վրա և կրկնում է, որ Հայաստանում չկան քաղբանտարկյալներ:

Վճռաբեկ դատարանի առջև էլ բողոքի ակցիա էին անցկացնում ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի կողմնակիցները: Ակտիվիստները պահանջում են հնարավորինս սեղմ ժամկետում ընդունել վարույթ Սամվել Բաբայանի գործով բողոքը:

Մայիսի 16-ին կայացավ ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման գործով մեղադրյալների դատական նիստը։ Փաստաբանները ներկայացրին իրենց պաշտպանյալների խափանման միջոց կալանքը փոխելու մասին միջնորդություն, որը մերժվեց: Դրանից հետո նրանց աջակիցները փակեցին Արշակունյաց պողոտան: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչից հետո նրանք դադարեցրեցին փողոց փակելու գործընթացը:

Սամվել Բաբայանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-235-րդ հոդվածի 2-րդ մասով ու 190-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել 6 տարվա ազատազրկման:

Նրան մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն, ինչպես նաև փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք:

Բաբայանի գործով փաստաբան Ավետիս Քալաշյանը ապրիլի 26-ին դիմել էր ՀՀ վճռաբեկ դատարան: Փաստաբանը բողոքարկում է Երևանի ընդհանուր իրավասության Կենտրոն և Նորք-Մարաշ շրջանների նստավայրի դատարանի դատավճիռը Սամվել Բաբայանին 6 տարվա ազատազրկման դատապարտելու մասին, որը ՀՀ վերաքննիչ դատարանը թողել էր անփոփոխ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում