Միհրան Պողոսյանը իր անվան հետ կապվող օֆշորային սկանդալի գործի հնարավոր վերաբացումից մտահոգություն չունի

Միհրան Պողոսյանը իր անվան հետ կապվող օֆշորային սկանդալի գործի հնարավոր վերաբացումից մտահոգություն չունի

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, Times.am: Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը մտավախություն չունի իր անվան հետ կապվող օֆշորային սկանդալի վերաբերյալ գործի հնարավոր վերաբացումից: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով դիտարկմանը, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի բացառել իր անվան հետ կապվող օֆշորային սկանդալի գործի վերաբացումը, Պողոսյանն ընդգծեց, որ որևէ մտավախություն չունի: «Ինչ-որ կարող էր բացահայտվել, վաղուց բացահայտվել է: Ես ավելացնելու բան չունեմ այդ հարցով»,- նշեց Պողոսյանը:

Հարցին՝ գործի վերաբացման և հնարավոր նոր բացահայտումների դեպքում չի վախենո՞ւմ ճաղերի հետևում հայտնվելուց, պատգամավորը պատասխանեց. «Ես որևէ բանից չեմ վախենում, որովհետև ապրել եմ, ինչպես համարել եմ ճիշտ, ապրել եմ իմ խղճի և իմ դաստիարակությանը համապատասխան: Ինչ վերաբերում է ձեր բարձրացրած հարցին, ես ինքս հանգամանորեն բազմիցս պատասխանել եմ այդ հարցին: Երբ չկա ինչ-որ բան, որից դու մտահոգված ես, երբ չկա ինչ-որ բան, որ ժամանակին ծածկված է եղել, ապա մտածելու շատ բան չկա: Մենք դրա մասին խոսել ենք, ես դրա մասին ասել եմ այն, ինչ եղել է: Եվ շատ ուրախ կլինեմ, որ վերաբացվի գործը, որ մեր հասարակությունը համոզվի, որ ժամանակին իմ ասածը եղել է ճշմարտություն»,- ասաց նա:

Միհրան Պողոսյանն ընդգծեց, որ իրավապահ մարմինները բացահայտել են այդ գործի բոլոր անկյունները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում