ԱԳՆ խոսնակը վստահեցրեց՝ Հայաստանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի օրակարգից շեղում չի լինելու

ԱԳՆ խոսնակը վստահեցրեց՝ Հայաստանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի օրակարգից շեղում չի լինելու

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներն ընթանում են և աշնանը կայանալիք գագաթնաժողովի օրակարգից շեղում չի լինելու: Մայիսի 22-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: Նա նկատեց, որ ժամանակացույցից որոշակիորեն հետ են ընկել, բայց դա չի խոչընդոտի միջոցառման՝ ճիշտ ժամանակին ու հավուր պատշաճի անցկացմանը:

«Թեպետ պետք է խոստովանել, որ ժամանակացույցից մի փոքր հետ ենք ընկել, բայց երեկ վարչապետի մոտ կայացած քննարկումն ու դրանից հետո հնչած հստակ հանձնարարականները թույլ են տալիս ասել, որ օրակարգից շեղում չի լինելու ինչպես ծրագրված միջոցառումների, այնպես էլ փաստաթղթաբովանդակային առումով»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վստահեցրեց խոսնակը:

Տիգրան Բալայանը հիշեցրեց, որ Երևանում նախատեսվում է ընդունել Ֆրանկոֆոնիայի հիմնարար փաստաթղթերից մեկը՝ «Ապրել միասին» Երևանյան պակտը, որի շուրջ քննարկումները շարունակվում են: Մի քանի այլ փաստաթուղթ ևս նախապատրաստվում է:

Նրա խոսքով՝ Հայաստանն ընդունելու է 100-ից ավելի պատվիրակությունների, 83՝ անդամ, ասոցացված անդամ և դիտորդ երկրներից, գործընկեր կառույցներից: Հայաստան կժամանեն նաև միջազգային կառույցների ղեկավարների մակարդակով պատվիրակությունները: «Աշխատանքները հունի մեջ են, այսօր նաև կազմակերպչական պատվիրակություն է ժամանում Երևան, որը մեր հիմնական գործընկերն է լինելու գագաթնաժողով անցկացնելու առումով, հանդիպումներ է ունենալու պատասխանատու գերատեսչությունների հետ»,-ասաց Տիգրան Բալայանը՝ հավելելով, որ մոտ օրերս սպասվում է նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության պատվիրակության այցը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում