Բալայանը ԱԳՆ-ում կադրային փոփոխությունների մասին հարցին պատասխանեց՝ հղում անելով Նիկոլ Փաշինյանին

Բալայանը ԱԳՆ-ում կադրային փոփոխությունների մասին հարցին պատասխանեց՝ հղում անելով Նիկոլ Փաշինյանին

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարարության կադրային հետագա քաղաքականությունն ու հնարավոր փոփոխությունները պետք է դիտարկել ռոտացիայի համատեքստում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

Լրագրողի հարցադրմանը՝ «նոր նախարարը պատրաստվո՞ւմ է արդյոք վերանայել տարբեր երկրներում ոչ դիվանագետ, համապատասխան փորձառություն չունեցող դեսպանների և դիվանագիտական անձնակազմի նշանակման քաղաքականությունը» ի պատասխան՝ Տիգրան Բալայանը հղում կատարեց Ազգային ժողովում վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի ելույթին, որում նա նշել էր, որ այդ միտումը պետք է վերանայվի:

«Դիվանագիտական ծառայությունը կարծրացած մարմին չէ, թե դիվանագետների, թե դեսպանների ռոտացիոն փոփոխությունները մշտական բնույթ են կրում: Փոխվում են փոխնախարարները, վարչության պետերը, փոխնախարարները 2-3-4 տարին մեկ, վարչության պետերը, դեսպանները փոփոխվում են բավականին հաճախ: Ռոտացիայի համատեքստում էլ պետք է նայել հետագա հնարավոր փոփոխությունները»,-ասաց ԱԳՆ խոսնակը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում