Շարմազանովին անհանգստացնում է ռազմահայրենասիրական դաստիարակության վերաբերյալ ԿԳ նախարարի դիրքորոշումը

Շարմազանովին անհանգստացնում է ռազմահայրենասիրական դաստիարակության վերաբերյալ ԿԳ նախարարի դիրքորոշումը

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, Times.am: Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը քաղաքական կարճատեսություն է որակում կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հայտարարությունը ռազմահայրենասիրական կրթության դոկտրինից հրաժարվելու մասին: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Շարմազանովն ընդգծեց, որ իրեն անհանգստացրել է ռազմահայրենասիրական կրթության վերաբերյալ կրթության և գիտության նախարարի կարծիքը: «Մի երկրում, որտեղ կա ազգային հասարակություն կառուցելու խնդիր, որը պատերազմի վտանգի առաջ է կանգնած Թուրքիայի և Ադրբեջանի կողմից, ռազմահայրենասիրական դոկտրինից հրաժարվելն առնվազն քաղաքական կարճատեսություն է»,- ասաց նա:

Նա անդրադարձավ նաև կրթության և գիտության նախարարի հայտարարությանը, որով ուսուցիչներին բացատրել էր, թե ինչպես լքել ՀՀԿ-ն: «Կրթության և գիտության նախարարին կոչ կանեի զբաղվել իր գործով, զբաղվել կրթությամբ և գիտությամբ և չխառնվել մարդկանց ազատ սահմանադրական իրավունքին: Դպրոցի ուսուցիչ կլինի, հավաքարար, թե լրագրող, բացառապես ինքն է որոշում լինել կուսակցական, թե անկուսակցական, լինել ՔՊ-ի, ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի, թե ԲՀԿ անդամ»,- ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահը՝ ընդգծելով, որ կրթության և գիտության նախարարը կուսակցություն լքելու կոչերով չպետք է հանդես գա:

Միևնույն ժամանակ, Շարմազանովն ընդգծեց, որ որևէ խնդիր չի տեսնում, եթե կան մարդիկ, ովքեր ցանկանում են լքել ՀՀԿ-ն: «Ով գնում է՝ բարով գնա, ով մնում է՝ բարով մնա»,- ասաց Ազգային ժողովի փոխնախագահը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում