Փաշինյանը հանձնարարել է 10-օրյա ժամկետում ներկայացնել գերատեսչությունների կանոնադրությունների վերջնական տարբերակները

Փաշինյանը հանձնարարել է 10-օրյա ժամկետում ներկայացնել գերատեսչությունների կանոնադրությունների վերջնական տարբերակները

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, Times.am: ՀՀ կառավարությունում մայիսի 22-ին արտահերթ նիստ է գումարվել, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նիստում քննարկվել է երկու հարց: Գործադիրը սահմանել է նախարարություններին ենթակա մարմինների ենթակայությունը: ՀՀ Սահմանադրության 159-րդ հոդվածի համաձայն՝ պետական կառավարման համակարգի մարմիններն են նախարարությունները, ինչպես նաև ՀՀ կառավարությանը, ՀՀ վարչապետին և ՀՀ նախարարություններին ենթակա մարմինները: Հիմնավորման համաձայն՝ նախարարությանը ենթակա մարմինը գործում է նախարարությանը վերապահված գործունեության ոլորտի շրջանակում և ապահովում է նախարարության իրավասությանը վերապահված գործունեության առանձին ուղղությունների իրականացումը:

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն առաջարկել է փոփոխություն կատարել նախագծում և Պետական գույքի կառավարման կոմիտեն սահմանել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը ենթակա մարմին՝ ՀՀ ֆինանսների նախարարության փոխարեն: Առաջարկությունը նիստում ընդունվել է:

Կառավարությունը սահմանել է նաև պետական կառավարման համակարգի մարմնի կանոնադրության օրինակելի ձևը: Ըստ այդմ՝ սահմանվել են նախարարության, կառավարությանը, վարչապետին և նախարարությանը ենթակա մարմնի կանոնադրությունների օրինակելի ձևերը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է կառավարության անդամներին 10-օրյա ժամկետում ներկայացնել գերատեսչությունների կանոնադրությունների վերջնական տարբերակները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում